Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026 17:13
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ընդերքօգտագործման և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ընդերքօգտագործման և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակներում։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդերքօգտագործման, կանաչ տրանսպորտի, վերականգնվող էներգետիկայի, թափոնների կառավարման և միջտարածաշրջանային համագործակցության ուղղություններով։

 

Անդրադառնալով ընդերքօգտագործման ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է 2025 թվականի նոյեմբերին ստորագրված՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության հուշագրի իրականացումը։

 

Փաստաթուղթը միտված է ոլորտում համագործակցության զարգացմանը և Հայաստանում CRIRSCO միջազգային համակարգի տեղայնացմանն ու ներդրմանն աջակցելուն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման, կանաչ տեխնոլոգիաների կիրառման և կլիմայական դիմակայուն ենթակառուցվածքների զարգացման հարցերը։

 

Դավիթ Խուդաթյանն ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության խորացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։