Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026 16:42
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Իտալիան քննարկել են Իտալիայի զարգացման բանկից արտոնյալ պայմաններով ֆինանսավորում ստանալու հնարավորությունը

Հայաստանն ու Իտալիան քննարկել են Իտալիայի զարգացման բանկից արտոնյալ պայմաններով ֆինանսավորում ստանալու հնարավորությունը

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Անդրեա Պեդուտոյի և Իտալիայի զարգացման բանկի՝ «Cassa Depositi e Prestiti» (CDP)՝ ԵՄ-ից դուրս գտնվող տարածաշրջանների՝ Արևմտյան Բալկանների և Արևելյան հարևանության գծով ստորաբաժանման ղեկավար Լուչիա Բոնելլիի հետ։

 

ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համագործակցության դիվերսիֆիկացման և Եվրոպական միության տարածքում գործող նոր գործընկերների ու կառույցների հետ կապերի խորացման շրջանակներում առանձնահատուկ կարևորվել է եվրոպական առաջատար ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ իտալական զարգացման կազմակերպությունների հետ հետագա գործունեության ընդլայնումը։

 

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերջիններիս մասնակցությամբ ՀՀ-ում կանաչ տնտեսության, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ներդրումային համագործակցության ընդլայնման հեռանկարին: Մասնավորապես, քննարկվել են Իտալիայի զարգացման բանկի և Իտալիայի կլիմայական հիմնադրամի միջոցներից խառը ֆինանսավորման գործիքների կիրառման համադրմամբ արտոնյալ պայմաններով ֆինանսավորում ստանալու հնարավորությունները։

 

Անդրադարձ է կատարվել Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի համատեղ բյուջետային աջակցության եռամյա ծրագրի հետագա փուլերին իտալական կողմի հնարավոր մասնակցությանը։