Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026 17:35
Ալինա Հովհաննիսյան

Հայաստան և Կիպրոսը քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Հայաստան և Կիպրոսը քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Խրիստոս Սենեկիսի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության խորացման և գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։

 

Անդրադառնալով ՀՀ կառավարության որդեգրած արտահանման դիվերսիֆիկացման քաղաքականությանը՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանից արտահանողների և Կիպրոսի գնորդների միջև գործարար կապերի հաստատումը՝ Կիպրոսի շուկայում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ընդլայնելու նպատակով։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տնտեսական լայն օրակարգ՝ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2026թ. հունվար-օգոստոսին Հայաստանի և Կիպրոսի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 9.3 անգամ՝ կազմելով 15.2 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 2.2 անգամ՝ մինչև 2.7 մլն դոլար՝ ներմուծման 19.6 անգամ աճի ֆոնին՝ մինչև 13 մլն դոլար: