
Արմինֆո.Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:
Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել COP17-ի շրջանակում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Ղրղզստանի քաղաքական երկխոսության դրական ընթացքն ու բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը: Նա վստահություն է հայտնել, որ հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և կխթանի հետագա համագործակցության հստակ ուղղությունները: Հանրապետության նախագահը կարևորել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը գործնական արդյունքներում և համատեղ ծրագրերում:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար`շեշտելով այցը ինչ-որ առումով պատմական է, քանի որ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:
Զրուցակիցները հատուկ արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը՝ վերահաստատելով պատրաստակամությունը կառուցողական գործընկերության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակման շարունակման վերաբերյալ:
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի խորացմանը: Կողմերը նշել են, որ առկա է զգալի ներուժ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:
Ընդգծվել է ընդհանուր կարողությունների արձանագրումից հստակ ծրագրերի ու նախագծերի մշակմանն անցնելու անհրաժեշտությունը, որոնք կապահովեն ապրանքաշրջանառության աճ, գործարար շփումների ակտիվացում և ներդրումային համագործակցության ընդլայնում:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2026թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ղրղզստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 3.1 անգամ ՝ կազմելով 22.3 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 2.7 անգամ ՝ մինչև 17.2 մլն դոլար, ներմուծման 9 անգամ աճի ֆոնին ՝ մինչև 4.1 մլն դոլար։