Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026 11:18
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

ԱրմԻնֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմպի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Աշխարհի խաչմերուկ» նախագիծը, երկրի բնապահպանական օրակարգը, ինչպես նաև մասնավոր կապիտալի ներգրավման և պետական-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցությունը՝ ընդգծելով երկրում իրականացվող ծրագրերի կարևորությունը, որոնք ուղղված են ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, էներգետիկայի և մասնավոր հատվածի զարգացմանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերյան կանխատեսման մեջ Ասիական զարգացման բանկը կանխատեսել էր ՀՀ-ի ՀՆԱ-ի 5% աճ 2026 թվականին, արագանալով մինչև 5.5% 2027 թվականին, մինչդեռ կանխատեսվում էր, որ գնաճը սկզբում կարագանա մինչև 4.2%, ապա կնվազի մինչև 3.5%։