
Արմինֆո. Առանց համալիր մոտեցման կապիտալի կայուն շուկայի զարգացումն անհնար է։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ամերիաբանկի կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը՝ բնապահպանական և կլիմայական նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում կապիտալի շուկաների ներուժին նվիրված միջոցառման շրջանակներում, որը տեղի է ունեցել COP17-ի շրջանակներում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի և ՄԱԿ-ի "Բորսաները հանուն կայուն զարգացման" (UN SSE) նախաձեռնության կազմակերպմամբ:
Հիշեցնելով, որ Ամերիաբանկն առաջամարտիկ է կանաչ պարտատոմսերի շուկայում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, նա նշել է, որ հպարտության զգացումից բացի, դա խոսում է իր կուտակած փորձով կիսվելու և պարտատոմսերի կայուն շուկայի զարգացման օրակարգի ձևավորմանը մասնակցելու մեծ պատասխանատվության մասին:
Հովսեփյանը, վկայակոչելով կայացած քննարկումների արդյունքները, ընդգծել է, որ շուկայի առավել արագացված զարգացման խոչընդոտները պայմանավորված են բազմաթիվ գործոններով, ուստի, այստեղ խիստ անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում ՝ կարգավորող մարմինների, պետության, թողարկողների և ներդրողների համագործակցությունը:
Բանկի ներկայացուցչի խոսքով՝ այդ գործընթացում հատկապես կարեւոր է պետության դերը, որը պետք է ներդնի կամ խթանող մեխանիզմներ, կամ որոշակի սահմանափակումներ, որոնք կկարողանան տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել կայուն զարգացման թեմայի լրջության վրա եւ կապիտալի շուկան դիտարկել որպես շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցող հնարավոր կանաչ նախագծերի ֆինանսավորման աղբյուր:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ Հովսպեյանը ցավով նշել է, որ շուկայի այդ հատվածի ծավալն էական չէ, սակայն 2020 թվականից հետո, երբ Ամերիաբանկն առաջին անգամ թողարկեց կանաչ պարտատոմսեր, շուկայում հայտնվեցին ևս երեք թողարկողներ, որոնցից երկուսը ընկերություններ են, եւ որոնց հետ Ամերիաբանկն աշխատել և օգնել է այդ գործընթացի իրականացմանը:
"Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այսօր կա համընդհանուր գիտակցում, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, այլ ոչ թե միայն հուսալ, որ ինչ-որ մասնավոր ընկերություններ, որոնք առաջատար են այդ ոլորտում, կկարողանան զարգացնել այդ շուկան։ Դա այնքան իրական չէ, որքան կարող է թվալ: Որովհետև մեր խնդիրը պետք է լինի ոչ այնքան կանաչ բիզնեսին օգնելը, որքան մյուսներն էլ ավելի կանաչ ու պատասխանատու դարձնելը։ Իսկ դա առանց համակարգային մոտեցման անհնար է։ Հատկապես՝ առանց պետության անմիջական մասնակցության ես դա չեմ պատկերացնում", - ասել է նա։ Այդ առումով, վկայակոչելով միջազգային փորձը, Ամերիաբանկի կապիտալի շուկաների բաժնի պետը նշել է, որ այն երկրներում, որտեղ ինստիտուցիոնալ ներդրողների ինստիտուտն այնքան զարգացած չէ, որ շարժիչ ուժ լինի, անհրաժեշտ են որոշակի խթաններ պետական հատվածի կողմից: "Այո, առանց դրա էլ հնարավոր է զարգացում, բայց այն շատ դանդաղ կլինի և պայմանավորված կլինի առանձին ընկերությունների հաջող փորձով", - նշել է նա:
Հովսեփյանի կարծիքով, հաշվի առնելով, որ պետությունն իր առջև սահմանել է կայուն զարգացման որոշակի նպատակներ՝ կապված էներգախնայողության, շրջակա միջավայրի պահպանության, օդի որակի և այլնի հետ, հասունացել է որոշակի քայլերի իրականացման ժամանակը: "Վստահ եմ, որ այս ամենում մեծ դեր կունենա ֆինանսավորման բաղադրիչը, այսինքն, օգնությունը թույլ կտա բիզնեսին ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել և ներկայացնել ոչ միայն ֆինանսապես հետաքրքիր և կայուն, այլև շրջակա միջավայրի և կայուն զարգացման վրա դրական ազդեցություն ունեցող նախագծեր", - նշել է նա:
Լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ի "Բորսաները հանուն կայուն զարգացման" (UN SSE) նախաձեռնության ներկայացուցիչ Թիֆանի Գրաբսկին հայտարարել է, որ Հայաստանը հարուստ է իր կենսաբազմազանությամբ, որը պաշտպանության և պահպանության կարիք ունի: Նա ընդգծել է, որ բնությունն ու կենսաբազմազանությունը կարևոր են ոչ միայն, ընդհանուր առմամբ, բնակչության, այլև՝ բիզնեսի համար: Գրաբսկին նկատել է, որ Հայաստանում ցանկացած բիզնես այս կամ այն չափով կախված է լինելու բնությունից։
Վկայակոչելով անցկացված հետազոտության արդյունքները՝ UN SSE-ի ներկայացուցիչը հաղորդել է, որ ընկերությունների համաշխարհային ՀՆԱ-ի 50% - ը կախված է բնությունից ։ Իսկ եթե խոսենք ջրի անհրաժեշտության, օդի մաքրության մասին, ապա այստեղ արդեն խոսքը յուրաքանչյուր ընկերության մասին է։ "Ուստի, կարևոր է, թե ուր է գնում կանաչ ֆինանսավորումը, և ինչպես են օգտագործվելու դրա ռեսուրսները", - ասել է Գրաբսկին: Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ շրջակա միջավայրի պաշտպանության ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն կա։ Այսօր, նրա խոսքով, եթե բնությանն ու կենսաբազմազանությանը հասցվում է 30 դոլարի վնաս, ապա վնասի ծածկման ու շրջակա միջավայրի պաշտպանության համար ընկերությունները հատկացնում են ընդամենը 1 դոլար: "Այսինքն ՝ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ դրված նպատակներին հասնելու համար", - ընդգծել է Գրաբսկին:
Իր հերթին՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ներկայացուցիչ Մարիա Հակոբյանը կարևորել է շուկայի բոլոր մասնակիցների կրթվածության բարձրացումը, որպեսզի վերջիններս հասկանան, թե ինչպես կրճատել թողարկողների ծախսերը, ինչպես մեծացնել հետաքրքրությունը կանաչ ֆինանսավորման գործիքների նկատմամբ ՝ դրանք դարձնելով ավելի արդյունավետ և այլն:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ Հակոբյանը նշել է, որ վերջին մի քանի տարիներին շուկայում որոշակի տեղաշարժ կա: Այդ առումով նա նշել է կարգավորիչի (ԿԲ) դերը, որը, նրա խոսքով, մեծ աշխատանք է կատարել ոլորտը կարգավորելու համար։ "Հիմա մենք, ընդամենը, ճանապարհի սկզբում ենք, բայց ամենակարևորն այն է, որ այդ սկիզբն արդեն դրված է", - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 30-ին Ամերիաբանկը թողարկել է 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք "կանաչ" եվրապարտատոմսեր, ինչը կարևոր հանգրվան էր տեղական ֆինանսական շուկայում ՝ որպես Հայաստանում "կանաչ" պարտատոմսերի թողարկման առաջին նախագիծ: Ամերիաբանկի դեբյուտային "կանաչ" պարտատոմսերը թողարկվել են Հոլանդական ձեռնարկատիրության զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում, որը նաեւ հանդիսանում է այդ գործարքի խարսխային ներդրողը: