
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանն ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրենի տեղակալ, Տեխնիկական համագործակցության և կայուն արդյունաբերական զարգացման տնօրինության գործադիր տնօրեն Ցիոնգ Ժոուի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և UNIDO-ի միջև համագործակցության հեռանկարները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։
Մտքեր են փոխանակվել 2022 - 2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթղթի» վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև հետագա համագործակցության համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման, այդ թվում` որակի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ քայլերի իրականացմանը։ Քննարկվել են շրջանաձև տնտեսությանը, ինչպես նաև արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունները։