Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026 13:59
Ալեքսանդր Ավանեսով

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը Լատվիայի Հանրապետությունում մասնակցել է «Techritory» 9-րդ ամենամյա համաժողովին, որն անցկացվել է «Անվտանգություն և բարեկեցություն թվայնացման և կապի միջոցով» խորագրի ներքո։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հաղորդագրության համաձայն, համաժողովի օրակարգում ընդգրկված էին թվային փոխակերպման, կապի, կիբեռանվտանգության, թվային ինքնության և տվյալների կենտրոնների զարգացմանն առնչվող հարցեր։

 

Լատվիա կատարած այցի շրջանակում Արամայիս Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Լատվիայի պետական կառույցների, ակադեմիական հաստատությունների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ։ 

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Լատվիայի Արհեստական բանականության կենտրոնի և New Nordic AI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության կարգավորման ավազան ստեղծելու հնարավորությունները՝ հաշվի առնելով Լատվիայի փորձը։ Անդրադարձ է կատարվել նաև տվյալների անվտանգությանը և արհեստական բանականության ոլորտում քաղաքականության մշակման հարցերին։

 

Համաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության անվտանգ կիրառման հարցերին։ Կարևորվել են այս ուղղությամբ միջազգային փորձի փոխանակումն ու համագործակցությունը։

 

Ռիգայի տեխնիկական համալսարանի ռեկտոր Տալիս Յուհնայի հետ հանդիպմանը քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև համալսարանների և տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները։

 

Zetes ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են թվային նույնականացման լուծումների, մասնավորապես՝ imID համակարգի ներդրման և կարգավորման ուղղությամբ մասնագիտական խորհրդատվության հնարավորությունները։

 

Այցի շրջանակում կայացած հանդիպումները հնարավորություն են տվել քննարկելու Հայաստանի և Լատվիայի միջև տեխնոլոգիական համագործակցության խորացման, փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի ձևավորման հեռանկարները։