
Արմինֆո.Նոյեմբերի 3-4-ը Երեւանում տեղի կունենան Silicon Mountains 2026 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողով եւ ցուցահանդես:
Այս տարի Silicon Mountains-ն առաջին անգամ կընդլայնի իր ձևաչափը ՝ գագաթնաժողովը լրացնելով տեխնոլոգիական ցուցահանդեսով: Invest in Innovation ("Ներդրումներ նորարարություններում") խորագրով միջոցառումն ուղղված է տեխնոլոգիական ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակման խթանմանը, համագործակցության զարգացմանը և ներդրումային հնարավորությունների բացահայտմանը:
Երկօրյա միջոցառման շրջանակներում նախատեսվում են․ հայկական և միջազգային ընկերությունների մասնակցությամբ ցուցահանդեսային տաղավարներ; արհեստական բանականությանը, տիեզերական տեխնոլոգիաներին և կիսահաղորդչային արդյունաբերությանը նվիրված քննարկումներ; միկրոէլեկտրոնիկային նվիրված միջազգային համաժողով, գործնական սեմինարներ և B2B հանդիպումներ:
Միջազգային բանախոսների թվում են X-energy ընկերության գործադիր նախագահ և համահիմնադիր Քամ Ղաֆարյանը, ինչպես նաև Cisco-ի, Nokia-ի, SEMI Europe-ի և այլ միջազգային տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Որպես կազմակերպիչ հանդես է գալիս ՏՀՏ գործատուների միությունը (UEICT) ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ:-