
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի ենթակառուցվածնքերի տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեին, Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիային, կենտրոնական գրասենյակի գնումների պատախանատու Նուրիլյա Մոլդախմատովային և բանկի երևանյան գրասենյակի գլխավոր բանկիր, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ՎԶԵԲ-ի զգալի աջակցությունը հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
Միաժամանակ, անդրադարձ կատարելով կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին, Առնակ Ավետիսյանը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից մեկը, և ներկայացրել վերջերս մեկնարկած ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող «Տարածաշրջանային կոշտ կենցաղային թափոնների ինտեգրված համակարգի ներդրման» ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները և նախարարության դիտարկումները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ծրագրի շրջանակներում հնարավոր լրացուցիչ տեխնիկական աջակցության հնարավորությունները՝ ուղղված երկու մարզերում թափոնների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու կայունության ապահովմանը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ համագործակցության շարունակության ապահովման շուրջ։
Հիշեցնենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, հունիսի սկզբին թարմացնելով կանխատեսումը, 2026 և 2027 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճ է ակնկալում: