Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026 17:31
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար․ 2027 թվականին նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել շուրջ 436 մլրդ դրամ

Նախարար․ 2027 թվականին նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել շուրջ 436 մլրդ դրամ

Արմինֆո.ՀՀ պետական բյուջեի նախագծով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍՆ) 2027 թվականին նախատեսվում է հատկացնել մոտ 436 մլրդ դրամ, որը 15,9 մլրդ դրամով գերազանցում է 2026 թվականի հատկացումների չափը: Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։

 

Նրա խոսքով՝ 2027 թվականին բյուջետային պլանավորման շրջանակներում նախատեսվում է իրականացնել 23 ծրագիր և 193 միջոցառում։ Նախարարության հիմնական միջոցները կբաշխվեն առանցքային ուղղություններով. ամենամեծ ծավալները բաժին կհասնեն հանրակրթությանը (144,3 մլրդ դրամ) և դպրոցների ու մանկապարտեզների կառուցման ենթակառուցվածքային նախագծերին (126,5 մլրդ դրամ): Գիտական հետազոտությունների և գիտական ներուժի զարգացման համար ամրագրվել է 30,7 մլրդ դրամ, մշակույթի համար՝ 13,5 մլրդ դրամ (գումարած 310 մլն դրամ մշակույթի տարածաշրջանային զարգացման համար), իսկ բարձրագույն և հետբուհական կրթության համար՝ 13,3 մլրդ դրամ ։ Մասնագիտական կրթության ֆինանսավորումը կկազմի 19 մլրդ դրամ, սպորտինը՝ 12.3 մլրդ դրամ, իսկ Ակադեմիական քաղաքի նախագծի համար հատկացվել է 6.7 մլրդ դրամ: Ժամանակակից թատերական, երաժշտական, կերպարվեստի և պարարվեստի ազգային հիմքի վրա զարգացմանն ու հանրահռչակմանը նպաստելու համար կհատկացվի 13,5 մլրդ դրամ, իսկ մարզերի մշակութային զարգացման ծրագրին ՝ 310 մլն դրամ:

 

Նախարարը նշել է, որ գերատեսչության կապիտալ ծախսերի ծավալները կկազմեն շուրջ 33 տոկոս։ Նա հավաստիացրել է, որ բյուջեի ծախսային մասի թերակատարման քրոնիկ խնդիրը հաղթահարված է։ Անդրեասյանը նշել է նաև ուսուցիչների համար համալիր երաշխիքների անհրաժեշտությունը, այդ թվում՝ նաև նրանց բնակարանային խնդիրների լուծումը: Դա թույլ կտա կրթական համակարգում ներգրավել նաև արական սեռի անձանց։