Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026 18:16
Ալինա Հովհաննիսյան

ՎԶԵԲ-ը հետաքրքրված է և պատրաստ է Հայաստանում նոր ներդրումների

ՎԶԵԲ-ը հետաքրքրված է և պատրաստ է Հայաստանում նոր ներդրումների

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը:

 

Բարձր գնահատելով առկա համագործակցությունը՝ Էդգար Մկրտչյանն ընդգծել է ՀՀ Կառավարության նոր ծրագիրը՝ որպես միջազգային գործընկեր կառույցների, ներառյալ՝ ՎԶԵԲ-ի հետ Կառավարության համար առաջնահերթ ուղղություններով հետագա փոխգործակցության հիմք:

 

ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող հանրային ներդրումային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. երկուստեք կարևորվել են գործող ծրագրերի բնականոն իրականացման ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:

 

ՀՀ Կառավարության հետ համագործակցության ընդլայնման ու զարգացման համատեքստում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են աղբահանության, էներգետիկայի, քաղաքային զարգացման, ջրային, ներառյալ՝ խմելու ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման, ոռոգման, ջրամբարաշինության ոլորտներում հետագա ներդրումներ կատարելու հետաքրքրվածության և պատրաստակամության մասին:

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվորեն շարունակել ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ նպաստելով համատեղ ծրագրերի հաջող իրականացմանը։