Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 15:49
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունում OECD ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են ՓՄՁ քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունում OECD ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են ՓՄՁ քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է Հայաստան ժամանած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) պատվիրակությանը՝ կազմակերպության Միջազգային հարաբերությունների և համագործակցության վարչության Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնի գլխավորությամբ։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում ՏՀԶԿ-ի կողմից իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու արձանագրված արդյունքները։

 

Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը բարձր է գնահատել ՏՀԶԿ-ի հետևողական աջակցությունը Հայաստանին և կարևորել կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունն ու ընդլայնումը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և արհեստական բանականության (ԱԲ) զարգացման ուղղություններով։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ոլորտի զարգացման ցուցանիշներն ու միջազգային չափորոշիչների կիրառման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով թվայնացմանն ու ԱԲ գործիքների ներդրմանը։

 

Տաթև Ասլանյանն ընդգծել է թվայնացման և արհեստական բանականության կարևորությունը տեխնոլոգիական զարգացման և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացման գործում։ Այս համատեքստում նա կարևորել է տեղական ընկերություններում, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկություններում, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, ԱԲ գրագիտության բարձրացումն ու անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության ապահովումը։

 

Անդրադառնալով այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին՝ նախարարի տեղակալը կարևորել է Firebird ընկերության միջոցով GPU հաշվողական ռեսուրսների հասանելիության ապահովման հնարավորությունը նաև ՓՄՁ-ների համար՝ նպաստելով դրանց թվայնացմանն ու նորարարական ներուժի զարգացմանը։

 

Քննարկվել են նաև բարձրակարգ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարները՝ մասնավորապես գյուղատնտեսական տեխնոլոգիաների, Deep Tech-ի և ֆիզիկական արհեստական բանականության ուղղություններով։

 

Նախարարի տեղակալն ընդգծել է տեղական ընկերությունների համար խոշոր կապիտալի հասանելիության ընդլայնման կարևորությունը՝ որպես Հայաստանում ընկերությունների զարգացման, մրցունակության բարձրացման և երկրում գործունեությունը շարունակելու խթան։ Այս համատեքստում կարևորվել է նաև թվայնացմանն աջակցող կենտրոնների և հաբերի ձևավորումը, ինչպես նաև մասնավոր սեփականության պաշտպանության ապահովումը։

 

ԱԲ ոլորտի զարգացման տեսանկյունից կարևորվել է մարդկային կապիտալի զարգացումը։ Այս առումով ընդգծվել է ինչպես տեխնիկական, այնպես էլ ոչ տեխնիկական մասնագիտական հմտությունների զարգացման, արհեստական բանականության վերաբերյալ գիտելիքների տարածման և տարբեր մակարդակներում համապատասխան կրթական ու վերապատրաստման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

 

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև նախարարության ներքո Կառավարության մասնագիտացված Արհեստական բանականության գրասենյակ ստեղծելու ծրագիրը, որն ուղղված է ոլորտի քաղաքականության համակարգմանն ու զարգացմանը։

 

Քննարկվել են Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների (Technology Transfer Offices) զարգացման հեռանկարները։ Կարևորվել է այս ուղղությամբ ՏՀԶԿ-ի և Եվրոպական միության երկրների հետ համագործակցության ու երկխոսության ընդլայնումը՝ միջազգային լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու նպատակով։ Այս համատեքստում ընդգծվել է ԵՄ երկրների փորձին, մասնագիտական ցանցերին և հնարավորություններին հասանելիության ընդլայնման, ինչպես նաև եվրոպական առաջատար ընկերությունների հետ համագործակցության բարձր մակարդակ ապահովելու կարևորությունը։

 

Կողմերն անդրադարձել են համագործակցության հետագա հնարավորություններին՝ ընդգծելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, բիզնեսի թվայնացման, նորարարության խթանման և արհեստական բանականության պատասխանատու կիրառման ուղղություններով համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը։