Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 17:03
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Ժնևում մասնակցում է համաշխարհային ներդրումային համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Ժնևում մասնակցում է համաշխարհային ներդրումային համաժողովին

Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Ժնևում մասնակցում է Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) 30-րդ համաշխարհային ներդրումային համաժողովին։

 

Այս տարի համաժողովն անցկացվում է «Ներդրումների խթանում՝ հանուն ընդհանուր բարեկեցության. դիմակայուն և կայուն զարգացում» խորագրի ներքո՝ միավորելով տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների, ներդրումային և գործարար շրջանակների ներկայացուցիչների։

 

Եռօրյա համաժողովին ակնկալվում է շուրջ 5000 մասնակցի ներկայություն, նախատեսված է ավելի քան 100 քննարկում և թեմատիկ նիստ։

 

Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Գեւորգ Պապոյանը, այսօր նախատեսված է նաև իր մասնակցությամբ նախարարական կլոր սեղան քննարկում։

 

WAIPA-ն միջազգային կառույց է, որը միավորում է աշխարհի ավելի քան 110 երկրի 130-ից ավելի ներդրումների խթանման գործակալությունների՝ նպաստելով միջազգային ներդրումային համագործակցությանը և ներդրումների ներգրավմանը։

 

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի տնտեսությունում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է 3 անգամ (տարեկան կտրվածքով)՝ դրական մակարդակի բարձրացմամբ մինչև 395 մլն դոլար (145.2 մլրդ դրամ)։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը (ՕՈՒՆ) աճել է շատ ավելի էապես՝ գրեթե 30 անգամ՝ դրական մակարդակի բարձրացմամբ մինչև 309 մլն դոլար (113.5 մլրդ դրամ)։