Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 17:06
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը և UNCTAD-ը շահագրգռված են համագործակցության ընդլայնմամբ

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը և UNCTAD-ը շահագրգռված են համագործակցության ընդլայնմամբ

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արամ Վարդանյանը նոյեմբերի 10-ին Ժնևում անցկացվող Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովի շրջանակում հանդիպել են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներկայացուցիչների հետ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ներկայացրել են Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրի բարելավման և երկրի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև գործարար միջավայրի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

 

Քննարկվել են Հայաստանում ներդրումային նոր հնարավորությունների բացահայտմանն ու UNCTAD-ի հետ համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

 

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի տնտեսությունում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է 3 անգամ (տարեկան կտրվածքով)՝ դրական մակարդակի բարձրացմամբ մինչև 395 մլն դոլար (145.2 մլրդ դրամ)։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը (ՕՈՒՆ) աճել է շատ ավելի էապես՝ գրեթե 30 անգամ՝ դրական մակարդակի բարձրացմամբ մինչև 309 մլն դոլար (113.5 մլրդ դրամ)։ Հիշեցնենք, որ UNCTAD-ը ՄԱԿ-ի առաջատար կառույց է, որը զբաղվում է առևտրի և զարգացման հարցերով: Այն միջկառավարական մշտական մարմին է, որը ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1964 թվականին ։ UNCTAD-ն աջակցում է զարգացող երկրներին գլոբալացված տնտեսության առավելություններին ավելի արդար և արդյունավետ հասանելիության հարցում: Այն տրամադրում է տնտեսական և առևտրային վերլուծություն, նպաստում է  կոնսենսուսի ձեռք բերմանը և առաջարկում է տեխնիկական աջակցություն՝ օգնելու զարգացող երկրներին օգտագործել առևտուրը, ներդրումները, ֆինանսները և տեխնոլոգիաները ներառական և կայուն զարգացման համար: