Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 17:31
Ալինե Գրիգորյան

ՔԱԿ նախագահ․ Հայաստանը մտադիր է արագացնել ազգային ավիափոխադրողներին ԵՄ "սեւ ցուցակից" հանելու գործընթացը

ՔԱԿ նախագահ․ Հայաստանը մտադիր է արագացնել ազգային ավիափոխադրողներին ԵՄ "սեւ ցուցակից" հանելու գործընթացը

Արմինֆո.Հայաստանը մտադիր է արագացնել Հայաստանում գրանցված ավիափոխադրողներին Եվրոպական միության (ԵՄ) "սև ցուցակից" հանելու գործընթացը: Այդ մասին հաղորդել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Գեւորգ Թորոսյանը ՝ ներկայացնելով այդ պաշտոնում իր աշխատանքի առաջին ամսվա արդյունքները:

 

«Սիրելի՛ հայրենակիցներ և գործընկերներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում պաշտոնավարմանս առաջին ամիսն ընդգծեց առանցքային բարեփոխումների անհրաժեշտությունը։ Պաշտոնս ստանձնելու առաջին օրերին ներկայացրել էի, թե ինչպես եմ պատկերացնում մեր աշխատանքը՝ ի շահ ուղևորների, գործարարների և ոլորտի գործընկերների։ Այս անգամ ներկայացնում եմ այդ նպատակին ուղղված հիմնական քայլերն ու առաջնահերթությունները։

 

ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրսբերում: Արագացնել Հայաստանում գրանցված ավիափոխադրողներին ԵՄ «Սև ցուցակից» դուրս բերելու գործընթացը՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով ոչ միայն արձանագրված թերությունների, այլև դրանց հիմքում ընկած համակարգային պատճառների վերացմանը և թռիչքային անվտանգության վերահսկողության համակարգի կայուն բարեփոխմանը։ Այս նպատակով կարևորում ենք Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության (EASA) և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Թվինինգ ծրագրի շրջանակում Ռումինիայի քաղաքացիական ավիացիայի մարմնի հետ սերտ համագործակցությունը։

 

Կարգավորման եւ վերահսկողության հետագա ամրապնդում։ Մեր լիազորությունների շրջանակում շարունակել կատարելագործել ավիաընկերությունների, օդանավակայանների և ավիացիոն ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության կարգավորման ու վերահսկողության համակարգը՝ ապահովելով հստակ ու կանխատեսելի պահանջներ, դրանց հետևողական կիրառում և ոլորտի մասնակիցների հետ գործընկերային և կառուցողական համագործակցություն։

 

Կոմիտեի ֆինանսական կայունություն եւ կառուցվածքային բարեփոխումներ։ Կառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի N 558-Ն որոշման հիմնավորմանը համահունչ՝ ապահովել Կոմիտեի ֆինանսական ինքնաբավությունը, մշակել ծախսերի փոխհատուցման վրա հիմնված ինքնաֆինանսավորման մոդել և վերանայել կառուցվածքն ու կառավարման մեխանիզմները։ Այս աշխատանքում ակնկալում ենք սերտ համագործակցություն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպութան (ICAO) մեր գործընկերների հետ։

 

«Բաց երկինք», նոր ուղղություններ եւ հայկական ավիափոխադրողների զարգացում։ Շարունակել ընդլայնել «բաց երկնքի» քաղաքականության ընձեռած հնարավորությունները՝ Կոմիտեի լիազորությունների շրջանակում խթանելով նոր ուղղությունների բացումը և միաժամանակ ստեղծելով բարենպաստ կարգավորիչ միջավայր տեղական ուղևորատար ու բեռնային ավիափոխադրողների կայուն աճի համար։

 

Ուղեւորների իրավունքների պաշտպանություն եւ որակյալ սպասարկում։ ԵՄ չափանիշներին համահունչ զարգացնել ուղևորների իրավունքների պաշտպանության համակարգը՝ ընդգրկելով ինչպես ավիաընկերությունների, այնպես էլ օդանավակայանների ծառայությունները։

 

Շնորհակալ եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանին՝ այս ընթացքում ցուցաբերած գործուն աջակցության համար։ Շնորհակալ եմ նաև Կոմիտեի բոլոր աշխատակիցներին՝ համագործակցության և նվիրված աշխատանքի համար։ Ձեր աջակցությամբ այս ամիսը դարձավ համատեղ աշխատանքի ամրապնդման և առաջնահերթությունների հստակեցման արդյունավետ շրջան», - ասվում է Գեւորգ Թորոսյանի ուղերձում, որը հրապարակվել է ՔԱԿ ֆեյսբուքյան էջում։

 

Հիշեցնենք, որ Հայաստանը 2020 թվականից ընդգրկված է եվրոպական ավիացիոն անվտանգության "սև ցուցակում": 2019 թվականին Հայաստան կատարած այցի ընթացքում Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության (EASA) փորձագետները բացահայտել էին ավիացիոն անվտանգության ոլորտում առկա խնդիրներ, որից հետո որոշում էր կայացվել Հայաստանը ներառել "սև ցուցակում"։ 2025 թվականի մարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտարարել էր, որ Հայաստանը Եվրոպական միություն է ուղարկել ավիացիոն ոլորտի "սև ցուցակից" դուրս գալու հայտ և սպասում է պատասխանի։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն, իր հերթին, հայտարարել է, որ թերությունների և խնդիրների մեծ մասը, որոնց պատճառով հայկական ավիաընկերությունները հայտնվել են ԵՄ "սև ցուցակում", արդեն վերացվել են: 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ ընդլայնման հարցերով գերագույն հանձնակատար Մարթա Կոսն ասել էր, որ հայկական ավիաընկերությունների պահպանումը ԵՄ թռիչքների անվտանգության "սև ցուցակում" բացառապես տեխնիկական հարց է, այլ ոչ թե՝ քաղաքական։