Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 17:54
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բարձր գնահատել շարունակական աջակցությունը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղությունների զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև 2027 թվականի համար նախատեսվող նոր ծրագրերի ձևավորման առաջնահերթությունները։

 

Քննարկվել են նաև թվային գյուղատնտեսության զարգացման, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրի խթանման, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապերի բարելավման հնարավորությունները։

 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կլիմայական փոփոխություններին հարմարվողական գյուղատնտեսության զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը, գյուղատնտեսական արժեշղթաների կատարելագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավոր հատվածի խթանմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, ինչպես նաև կլիմայական և բնապահպանական կայունության ապահովմանը։

 

Կարևորվել է համատեղ աշխատանքի շարունակականությունը՝ ուղղված ներդրումային ծրագրերի ձևավորմանն ու Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը։