
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 16-ին նախարար Գևորգ Պապոյանի և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի մասնակցությամբ կայացել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական միջանկյալ խորհրդակցություն։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ նման խորհրդակցությունները լավ հարթակ են՝ ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված գործընկերությունը և նախանշելու փոխգործակցության նոր ուղղություններ։
«Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում վերածվել են ամուր և բազմոլորտ գործընկերության՝ ընդգրկելով տնտեսական զարգացումը, ներդրումները, մասնավոր հատվածի աջակցությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները, կրթությունը և ինստիտուցիոնալ բարեփոխումները», - նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն իր խոսքում կարևորել է նաև GIZ-ի և KfW զարգացման բանկի հետ ձևավորված ամուր համագործակցությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, երկկողմ համագործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունների շարքում նախարարն առանձնացրել է մասնավոր հատվածի զարգացումը, արտահանման դիվերսիֆիկացումը, մասնագիտական կրթությունը, թվային փոխակերպումը և կանաչ տնտեսության զարգացումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գասպարյանը, խորհրդակցությունը շարունակվել է ընդլայնված կազմով։
Նշենք, որ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն ՝ 2026թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 28,1 տոկոսով ՝ կազմելով 437 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 7,6 տոկոսով ՝ մինչև 78,3 մլն դոլար՝ ներմուծման 39,9 տոկոս աճի ֆոնին՝ մինչև 358,7 մլն դոլար։