Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2026 18:14
Ալինա Հովհաննիսյան

Դավիթ Թադևոսյանը մասնակցել է ԱՄՆ փորձագիտական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Դավիթ Թադևոսյանը մասնակցել է ԱՄՆ փորձագիտական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Արմինֆո. ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել է ամերիկյան վերլուծական կենտրոնների, փորձագետների և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկման։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկման սկզբում բացման խոսքով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի ավագ խորհրդական, դեսպան Անն Մարի Յաստիշոքը: 

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման առաջնահերթություններին, արհեստական բանականության ոլորտում երկրի ներուժին և միջազգային տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

 

Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի դիրքավորման, հետազոտությունների և մշակումների զարգացման, կիսահաղորդչային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, առաջադեմ տեխնոլոգիաների և մարդկային կապիտալի զարգացման ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել նաև TRIPP նախագծին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տնտեսական համագործակցության ընդլայնման և տարածաշրջանի կապակցվածության ամրապնդման համատեքստում։ Քննարկվել է դրանց հնարավոր նշանակությունը տարածաշրջանի տնտեսական զարգացման և նոր համագործակցային հնարավորությունների ձևավորման տեսանկյունից։

 

Նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերն ու ոլորտի զարգացման տեսլականը՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացման, փորձագիտական ներուժի ներգրավման և նոր գործընկերային կապերի ձևավորման կարևորությունը։

 

Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական զարգացման հեռանկարների, տարածաշրջանային և միջազգային համագործակցության հնարավորությունների, ինչպես նաև երկրի՝ միջազգային տեխնոլոգիական էկոհամակարգերում առավել ակտիվ ներգրավման ուղղությունների շուրջ։

Կարևորվել է նման ձևաչափով երկխոսության շարունակականությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական օրակարգը միջազգային փորձագիտական շրջանակներին ներկայացնելու, անկախ մասնագիտական գնահատականներ և առաջարկություններ ստանալու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հնարավորությունները բացահայտելու տեսանկյունից։