
Արմինֆո.Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է Ակբա Բանկի պաշտոնական կայքում:
Սեփական վճարային պրոցեսինգի համակարգի գործարկմամբ պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 17-ից 18-ը բանկում իրականացվելու են պլանային տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում սահմանափակվելու է բանկի կողմից թողարկված վճարային քարտերի հասանելիությունը։
Տեխնիկական աշխատանքների ընթացքում ֆինանսական անհարմարություններից խուսափելու համար բանկն առաջարկում է նախապես կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.
Նախապես՝ մինչև նոյեմբերի 17-ը, Երևանի ժամանակով 21:00-ն, կանխիկացնել առաջիկա օրերին անհրաժեշտ չափով գումար, հատկապես եթե գտնվում եք արտասահմանում կամ պատրաստվում եք մեկնել նշված ժամանակահատվածում։
Փոխանցել անհրաժեշտ գումարը բանկային ընթացիկ հաշվին, որը հետագայում կարող եք կանխիկացնել կոդով՝ acba digital-ի «Կոդով կանխիկացում» հնարավորությամբ կամ բանկի մասնաճյուղերում։
Վճարել QR-ով. Հայաստանի տարածքում Ակբա բանկի ընթացիկ հաշվից կարող եք վճարումներ կատարել նաև acba digital հավելվածի QR վճարման գործիքով՝ ArCa QR և Idram QR սպասարկող բոլոր վաճառակետերում։
Ժամանակավոր սահմանափակումներ
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 09:00-ն, քարտերով գործարքներն ու acba digital-ում քարտային ծառայությունները ժամանակավորապես անհասանելի կլինեն։
Նոյեմբերի 15–18. ժամանակավորապես չեն գործի նոր քարտերի պատվիրման, փոխարինման և վերաթողարկման ծառայությունները։
Նոյեմբերի 17. acba digital-ով և բանկի տերմինալներով վարկերի մարում հնարավոր կլինի կատարել մինչև 20:00-ն։
Նոյեմբերի 17. «Հոմպլեքս» մասնաճյուղը կգործի մինչև 19:30-ը։
Նոյեմբերի 18. ժամը 09:00-ից 16:00-ն անհասանելի կլինեն Apple Pay/Google Pay թվային քարտերով և արտասահմանում կատարվող գործարքները: Այս ժամանակահատվածում Հայաստանում գործարքները հնարավոր է իրականացնել ֆիզիկական քարտերով։
ԱրմԻնֆո-ի պատրաստած "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" վերլուծական ամփոփագրի համաձայն, Ակբա բանկը Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում պահպանում է առաջատար դիրքերը ոչ միայն ակտիվ քարտերի քանակով, այլև դրանցով կատարված գործարքների ծավալով: Այսպես, 2026թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Ակբա բանկի ակտիվ քարտերի քանակը գերազանցում է 1 մլն հատը, և այդ քանակն այս պահին արձանագրվում է միայն այդ բանկի մոտ։ Ակբա բանկի քարտերով իրականացված պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալը 2026թ. 9 ամիսների ընթացքում հասել է 1.6 տրլն դրամի (4.4 մլրդ դոլար), որի 69%-ը կամ 1.1 տրլն դրամը (2.9 մլրդ դոլար) անկանխիկ գործարքներ են (այդ թվում' 254 մլրդ դրամ (մոտ 700 մլն դոլար)՝ ինտերնետ- գործարքներ)։ Տարեկան կտրվածքով Ակբա բանկի քարտերով պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալն աճել է 16.3% - ով ' անկանխիկ գործարքների ծավալի 27.7% - ով ավելացման հաշվին:
Նշենք, որ Ակբա բանկն ի սկզբանե թողարկում և սպասարկում է ինչպես տեղական Arca, այնպես էլ միջազգային Visa և Mastercard քարտեր: 2024 թվականի մայիսից Ակբա բանկը սկսել է թողարկել և սպասարկել նաև UnionPay International (UPI) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի քարտերը, մինչ այդ արդեն ունենալով դրանց սպասարկման բազմամյա փորձ՝ սկսած 2019 թվականի հոկտեմբերից։ Ակբա բանկը միակն է Հայաստանում, որը 2018թ. օգոստոսից սպասարկում է ճապոնական առաջատար JCB Co International ընկերության JCB քարտերը: Ակբա բանկը, 2009 թվականից հանդես գալով որպես American Express միջազգային վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում, թողարկում և սպասարկում է AmEx Gold Card, AmEx Blue Card, AmEx Cashback Card եւ American Express Gold Debit Card քարտերը: Այսպիսով, Ակբա Բանկը միակն է Հայաստանում, որը թողարկում է հինգ վճարային համակարգերի (Arca,Visa, Mastercard, AmEx, UPI) քարտեր, իսկ սպասարկում է վեց վճարային համակարգերի (նույն հինգը եւ JCB) քարտեր՝ դրանով իսկ ապահովելով վճարումների լայն հնարավորություններ Հայաստանում եւ ողջ աշխարհում: