
Արմինֆո.Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ոչ միայն ծախս է, այլև եկամուտ պետբյուջեի համար։ Այդ մասին նոյեմբերի 18-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցին։
Նրա ասելով՝ այն միջոցները, որոնք պետությունը ծախսում է ապահովագրական համակարգի համար անհրաժեշտ ծառայություններ գնելու նպատաակով, հետո պետբյուջե են վերադարձվում բժշկական կենտրոնների հարկային մասհանումների տեսքով։
Հղում անելով Պետական եկամուտների կոմիտեի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներին ՝ նա նշել է, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են 3 ոլորտային ընկերություններ, իսկ նրանց հարկային վճարումների աճը կազմել է 26,4 տոկոս, մինչդեռ, այլ ոլորտներում աճը, միջին հաշվով, հասել է 13,9 տոկոսի: "Կարևոր է, որ բոլոր բուժկազմակերպությունները բարելավել են իրենց դիրքերը խոշոր հարկատուների ցանկում", - ասել է նա: Ընդ որում, նախարարը հաղորդել է, որ 50 բուժհաստատություններ 10.4 մլրդ դրամով ավելացրել են հարկային հատկացումները պետական գանձարանին։
"Տարին չի ավարտվել, բայց արդեն ակնհայտ է, որ հարկային վճարումների առումով առողջապահության ոլորտն ակտիվ զարգացում է ապրում", - ասել է առողջապահության նախարարը: