Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2026 12:56
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է հայկական արտադրողների՝ օմանյան LuLu հիպերմարկետների ցանցի հետ համագործակցության հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է հայկական արտադրողների՝ օմանյան LuLu հիպերմարկետների ցանցի հետ համագործակցության հնարավորությունը

ԱրմԻնֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի մասնակցությամբ առցանց հանդիպում է կայացել Օմանի Սուլթանության LuLu հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի, Օմանում Հայաստանի դեսպան Գրաչյա Փոլադյանի, ինչպես նաև պտղաբանջարեղենային արտադրանքի արտադրությամբ զբաղվող հայկական ձեռնարկությունների և թռչնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Հայաստանի և LuLu հիպերմարկետների ցանցի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերը։

Կողմերը մանրամասն քննարկել են թարմ մրգերի, սննդամթերքի և կենդանական ծագման արտադրանքի առկա պահանջարկը։ Մասնավորապես, քննարկվել են պահանջարկ ունեցող արտադրատեսակները, անհրաժեշտ սորտերը, ամսական պահանջվող ծավալներն ու մատակարարումների քանակները, ինչպես նաև առանձին արտադրատեսակների սեզոնային հասանելիությունն ու մատակարարումների հնարավոր ժամկետները։

Առանձին անդրադարձ է կատարվել արտադրանքի արտահանման և մատակարարումների կազմակերպման հարցերին, այդ թվում՝ փաթեթավորման չափանիշներին, փոխադրման հնարավոր եղանակներին, ինչպես նաև անհրաժեշտ անասնաբուժական­սանիտարական և բուսասանիտարական պահանջների ապահովմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, պահպանել գործարար կապերը և տեղեկատվության փոխանակման միջոցով մշակել հետագա փոխգործակցության գործնական ուղղությունները՝ նպաստելով հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնմանը LuLu հիպերմարկետների ցանցում։

Նշենք, որ LuLu Retail-ը միջազգային գնումների և մատակարարումների զարգացած համակարգ ունեցող տարածաշրջանային խոշոր մանրածախ առևտրի ընկերություն է։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ ընկերությունը Պարսից ծոցի վեց երկրներում կառավարում է 267 առևտրային օբյեկտ, այդ թվում՝ 123 հիպերմարկետ, Express ձևաչափի 118 խանութ և 26 մինիմարկետ։ Ցանցն օրական սպասարկում է ավելի քան 680 հազար գնորդի։  Ընկերությունն ունի գնումների միջազգային լայնածավալ համակարգ․  արտադրանքը մատակարարվում է աշխարհի 85 երկրից։ 2024 թվականին LuLu Retail-ը անցկացրել է IPO և բաժնետոմսերը տեղաբաշխել Աբու Դաբիի ֆոնդային բորսայում (ADX)։  ՀՀ մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2026թ. առաջին կիսամյակում Օմանից Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը կազմել է $702.8 հազար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ։ Հիմնականում Հայաստանը Օմանից ներմուծում է օծանելիք և հարդաջուր, մարդու և կենդանիների մազ, բուրդ, հուշարձանների և շինարարության համար մշակված քարեր, բանկաներ, շշեր, ամպուլներ և այլն։

Արտահանման գործունեության մասով 2026թ. առաջին կիսամյակի տվյալները բացակայում են։

Սակայն 2025 թվականի արդյունքներով Հայաստանից Օման արտահանվող ապրանքների մաքսային արժեքն աճել է 24%-ով՝ կազմելով $6.8 մլն։  Հայաստանը Օման էր մատակարարում ալյումինե մետաղական կոնստրուկցիաներ և դրանց պահեստամասեր, այլ թռչող սարքեր, տիեզերական ապարատներ և հրթիռակիրներ, ժամանցի ապրանքներ, սեղանի խաղեր։

Հաշվետու ժամանակահատվածում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը կազմել է $907.2 հազար՝ տարեկան 63,1% աճով։