
ԱրմԻնֆո. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) հանդիպում է տեղի ունեցել SpaceX ընկերության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են SpaceX ընկերության կողմից Starlink համակարգի միջոցով Հայաստանի տարածքում արբանյակային կապի միջոցով ֆիքսված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների (Fixed Satellite Services/FSS) մատուցման հարցերը, ինչպես նաև այդ ծառայությունների հետագա զարգացման հեռանկարները՝ ՀԾԿՀ-ի կողմից «Սթարլինկ ԷՅԷՄ» ընկերությանը տրամադրված լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության հիման վրա։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տարածքում «Սթարլինկ ԷՅԷՄ» ընկերության կողմից մատուցվող արբանյակային կապի միջոցով ֆիքսված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների շրջանակում բաժանորդների սպասարկման արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, քննարկվել է սպառողների դիմումներին և բողոքներին արձագանքելու լրացուցիչ այլընտրանքային մեխանիզմների ներդրման հնարավորությունը։
Միաժամանակ ներկայացվել են ՀԾԿՀ-ի կողմից իրականացվող աշխատանքը և Հայաստանում շարժական արբանյակային կապի համակարգերի (Mobile Satellite Services-MSS) միջոցով շարժական կապի ծառայությունների մատուցման և հասանելիության ապահովման պայմանների ստեղծման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համապատասխան նոր կարգավորող մեխանիզմների մշակման վերաբերյալ ՀԾԿՀ-ի տեսլականը։
Միևնույն ժամանակ հաշվի են առնվել ԵՄ անդամ պետություններում ներկայումս ընթացող քննարկումները շարժական արբանյակային կապի ծառայությունների մատուցում նախատեսող MSS նոր տեխնոլոգիայի կիրառման հետ կապված կարգավորման սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Starlink-ը պաշտոնապես Հայաստանի շուկա մուտք գործեց 2025 թվականի մարտին։ Ընկերությունը Հայաստանին փոխանցել է իր 110 սարքերը՝ Հայաստանի հեռավոր շրջանների դպրոցներում հազարավոր աշակերտների ինտերնետ հասանելիությունն ապահովելու համար։ Եվս 56 սարք փոխանցվել է 2026 թվականի հուլիսին, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապն ուժեղացնելու համար։
Starlink-ը ցածր մերձերկրյա ուղեծրում գործող և ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտատերերի հուսալի ու գերարագ լայնաշերտ ինտերնետ ապահովող աշխարհի ամենաառաջատար արբանյակային համաստեղությունն է։ Այն վճռորոշ դեր է խաղում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների անխափան կապի ապահովման գործում, հատկապես հեռավոր շրջաններում և ճգնաժամերի ժամանակ։