
Արմինֆո. Նոյեմբերի 25-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԾԿՀ նիստ, քննարկվել են «Էներգետիկայի մասին» օրենքից բխող էներգիայի պահեստավորման գործունեության իրականացման համար անհրաժեշտ կարգավորումները։
Մասնավորապես, ինչպես հաղորդում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը, սահմանվել են էներգիայի պահեստավորման գործունեության իրականացման համար անհրաժեշտ կարգավորումները, պահեստավորողների իրավունքներն ու պարտականությունները, գնման երաշխիքով և մրցակցային պայմաններով պահեստավորման գործունեության տարբերակումը, պահեստավորման ծառայության սակագնի ձևավորման ու վճարման կանոնները և պահեստավորման լիցենզիաների տրամադրման ընթացակարգը (այդ թվում՝ մրցութային եղանակով)։
Պահեստավորող կայանների ներառումը համակարգի պլանավորման և կարգավարման գործընթացներում պայմաններ կստեղծի էլեկտրաէներգետիկական համակարգի ճկունության, անվտանգության ու հուսալիության բարձրացման համար։
Ենթաօրենսդրական ակտերի փաթեթը մշակվվել է Եվրոպայի էներգետիկայի կարգավորողների խորհրդի (CEER) կողմից ֆինանսավորվող EU4Energy ծրագրի և Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող Հելվետաս Շվեյցարական Համագործակցությամբ իրականացվող RECONOMY ծրագրի շրջանակում՝ «Կինետիք» ընկերության աջակցությամբ։
Հիշեցնենք, որ մինչև 2031 թվականի վերջը կառավարությունը նախատեսում է ստեղծել առնվազն 800 ՄՎտ էլեկտրաէներգիայի կուտակման հզորություններ: Այդ նպատակն ամրագրված է կառավարության 2026-2031 թվականների ծրագրում և ուղղված է երկրի էներգահամակարգի հավասարակշռմանը։ Երկրի արևային էլեկտրակայանների սահմանված հզորությունը 2018 թվականի 16 ՄՎտ-ից հասել է 1 213 ՄՎտ-ի՝ 2026 թվին: Պահեստավորման արդյունաբերական համակարգերը թույլ կտան հարթեցնել առավելագույն ծանրաբեռնվածությունը և արևային էներգիան օգտագործել երեկոյան և գիշերային ժամերին: 2026 թվականի դեկտեմբերի 4-ից լիցենզավորում է սահմանվում պահեստավորման արդյունաբերական կայանների համար (բացառությամբ մինչև 1 ՄՎտ հզորությամբ օբյեկտների և բացառապես սեփական կարիքների համար օգտագործվող համակարգերի)։ 2026 թվականի հոկտեմբերին մեկնարկել է արևային կայանների համար կուտակիչների գնման համար վարկերի սուբսիդավորման ծրագիրը. պետությունը կփոխհատուցի տոկոսադրույքի 6-8 տոկոսային կետեր՝ մինչև 7 տարի ժամկետով: