
ԱրմԻնֆո. Հայաստանը նպատակ ունի համատեղ ջանքերի շնորհիվ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ երկկողմ հարաբերությունները հասցնել որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի։ Այս մասին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ելույթ ունենալով Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կազմավորման 55-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։
Նախարարը ներկայացրել է <Խաղաղության խաչմերուկ> նախաձեռնության և TRIPP նախագծի շնորհիվ բացվող հնարավորությունները՝ ընդգծելով ԱՄԷ-ի հետ համագործակցության հեռանկարները՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման համատեքստում։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2026 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 66,7%-ով՝ կազմելով 458.2 մլն դոլար։ Միևնույն ժամանակ, արտահանումը նվազել է 68,2%-ով՝ հասնելով 418.7 մլն դոլարի՝ ներմուծման 32,1% անկման ֆոնին՝ մինչև 39.5 մլն դոլար։