
ԱրմԻնֆո. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Աննագելդի Սապարովի հետ։
Կողմերն ընդգծել են էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացման և խորացման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների էներգետիկ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Թուրքմենստան աշխատանքային այցի շրջանակում Դավիթ Խուդաթյանը նաև հանդիպել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Մամմեթ Ակմամմեդովի և ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Բեգենչ Աննադուրդիևի հետ։
Հանդիպումների ընթացքում նախարարը կարևորել է Թուրքմենստանի հետ տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության հետագա զարգացումը՝ հաշվի առնելով երկու երկրների տարանցիկ ներուժն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման հնարավորությունները։
Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջազգային տրանսպորտային երթուղիների զարգացմանը և շահագրգռված է տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման գործընթացներին ակտիվ մասնակցությամբ։
Նախարարը նաև նշել է երկաթուղային ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները, այդ թվում՝ ենթակառուցվածքների կառավարման, թվայնացման, շարժակազմի շահագործման և տեխնիկական սպասարկման հարցերում։-