Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026 14:58
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կշարունակվի գյուղմթերք արտահանողներին աջակցության ծրագրի իրականացումը

Հայաստանում կշարունակվի գյուղմթերք արտահանողներին աջակցության ծրագրի իրականացումը

Արմինֆո. Հայաստանում կշարունակվի գյուղմթերք արտահանողներին աջակցության ծրագրի իրականացումը։ ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի որոշմամբ այդ ծրագրի իրականացմանը 2026 թվականի չորրորդ եռամսյակում կուղղվի 4,47 մլրդ դրամ։

 

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հատկացված միջոցների հիմնական մասը՝ շուրջ 3,26 մլրդ դրամ, ուղղվելու է ջերմոցային տնտեսությունների արտադրանքի արտահանմանն աջակցությանը: Հոկտեմբերին Հայաստանից արտահանվել է մոտ 5,27 հազար տոննա պղպեղ, 2,35 հազար տոննա լոլիկ, 135,8 տոննա ելակ և ավելի քան 3,2 մլն վարդ: Ինչ վերաբերում է մնացած 1,2 մլրդ դրամին, ապա այն կբաշխվի երկու ուղղությամբ. 408,3 մլն դրամ կուղղվի թարմ պտուղ - բանջարեղենի, պարենային ապրանքների և խմիչքների արտահանման ծախսերի փոխհատուցմանը, ևս 794,6 մլն դրամ՝ թզի և դեղձի մթերումների սուբսիդավորմանը: Ակնկալվում է, որ ծրագրի շրջանակներում վերամշակման համար նախատեսված դեղձի մթերման ծավալը կկազմի 6 388 տոննա:

 

Արտահանման աջակցության ծրագրի շրջանակներում հունիս-սեպտեմբեր ամիսներին ստացվել է 531 հայտ՝ 9,56 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, որից 8,2 մլրդ-ն արդեն վճարվել է ։