Երկուշաբթի, 11 Մայիսի 2020 20:28
Ալինա Հովհաննիսյան

Պետությունը 50 մլն  դրամ կուղղորդի փոքր բիզնեսի աջակցության ծրագրին, որի շրջանակում աջակցություն կստանա 50 գործազուրկ

Պետությունը 50 մլն  դրամ կուղղորդի փոքր բիզնեսի աջակցության ծրագրին, որի շրջանակում աջակցություն կստանա 50 գործազուրկ

Արմինֆո. 2020 թ.-ին փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա 50 գործազուրկ մարդ: Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 50 մլն ՀՀ դրամ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող Փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շարքում ի սկզբանե եղել է ամենապահանջվածներից: Շահառուները աշխատաշուկայում անմրցունակ անձինք են, իսկ ծրագրի նպատակն է ապահովել ծրագրում ընդգրկվածների կայուն զբաղվածությունը և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր:

 

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխատաշուկայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ծրագրի պահանջարկը գնալով մեծանում է:

 

Եվս 10 մլն ՀՀ դրամ հատկացվել է խորհրդատու կազմակերպության ծառայություն ձեռք բերելու նպատակով: Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տեղաշարժման սահմանափակումները պահպանելու, միաժամանակ ծրագրերի ֆինանսավորումը չուշացնելու նպատակով` խորհրդատու կազմակերպության՝ «Աութսորս» ՍՊԸ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ծրագրի առաջին փուլը՝ մեկամսյա խորհրդատվական դասընթացը, կազմակերպել հեռավար եղանակով: Այս պահին կազմակերպության կողմից ուսուցում է անցնում 33 մարդ:

 

«Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ իրականացվում է դասընթաց, աջակցություն է ցուցաբերվում բիզնես-պլաններ կազմելու հարցում, գնահատվում ներկայացված բիզնես-պլանները, որից հետո 1 տարի շարունակ ուղեկցվում է ֆինանսավորված բիզնեսների գործունեությունը: Սահմանված ընթացակարգի համաձայն՝ Զբաղվածության պետական գործակալության կողմից ֆինանսավորում են միայն Խորհրդատու կազմակերպության դրական գնահատականին արժանացած ծրագրերը: Խորհրդատու կազմակերպության կողմից այս պահին շարունակվում է 2019 թ.-ին ծրագրում ընդգրկված ևս 79 անձի բիզնես գործունեության ուղեկցումը: Ծրագրի տևողությունը երկու տարի է, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ 24 ամիս: Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն չափը մեկ միլիոն դրամ է: Նշենք, որ 2014-2019 թ.թ. ծրագրի շրջանակներում ձեռնարկատիրական գործունեություն է սկսել 340 մարդ: 2020 թ. հունվարի մեկի դրությամբ նրանց 90 %-ը շարունակում էր իր գործունեությունը», - ասվում է հաղորդագրությունում: