
Արմինֆո. Ես կառավարությունում քննարկման ժամանակ ասել եմ հետևյալը և ուզում եմ հիմա հրապարակային էլ ասել՝ այս փոփոխությունների կոնտեքստում մենք չենք լուծում ուղղակի ինչքան հարկային եկամուտ հավաքենք կամ չհավաքենք հարցը, մենք լուծում ենք մի հարց. արդյոք 20 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը գոյությո՞ւն է ունենալու որպես ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Իմ ասածը թող չափազանցություն չհնչի, բայց գույքահարկի, եկամուտների համատարած համընդհանուր հայտարարագրման և հարկային մի շարք այլ փոփոխություններով մենք ֆիսկալ կամ ոչ ֆիսկալ հարց չենք լուծում: Մենք լուծում ենք քաղաքական և փիլիսոփայական հարց, մենք լուծում ենք մի հարց՝ 20 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, գոյություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև տարեկան այն 300 դրամը, որը պետք է վճարի այն քաղաքացին, որն ունի 3 մլն դրամից պակաս արժեքով անշարժ գույք, անգամներով ուժեղացնելու է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ անգամներով է ուժեղացնելու ոչ միայն ֆիզիկական առումով, այլև հոգեբանական, պետականության կառուցվածքի, պետականության ուժեղության առումով: Եվ ես ուզում եմ, որ մեր բյուջետային քննարկումներում այս սեգմենտը, այս կոմպոնենտը սրանից հետո մշտապես ներկա լինի, ներկա լինի նաև հարկային համակարգի փոփոխությունների քննարկումներում>,- ընդգծել է կառավարության ղեկավարը։
<Այս համատեքստում ուզում եմ ասել, որ ինչքան էլ 2019 թվականը ես գնահատեմ բյուջեի առումով պատմական՝ կոնկրետ թվային ցուցանիշների վրա հիմնված, մենք բոլորս պետք է նաև արձանագրենք, որ, այնուամենայնիվ, 2019 թվականին մենք չենք հավաքագրել այն ամբողջ պոտենցիալը կամ բյուջե չենք մուտքագրել այն ամբողջ պոտենցիալը, որը տեսականորեն և իրականում գոյություն ունի: Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի, և նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի հավաքագրման պոտենցիալը կարող էր ավելի լինել՝ մինչև, օրինակ, 400 մլրդ դրամի: Ըստ էության՝ ես կարծում եմ, որ այստեղ հենց մտածողության փոփոխությունն է ամենակարևորը: Վարչարարությունը, իհարկե, շատ կարևոր է, կարգապահությունը նույնպես շատ կարևոր է, բայց ես ուզում եմ ընդգծել մեր գաղափարախոսությունը, իմ անձնական ընկալումը, որ կարգապահությունը պետք է լինի ոչ թե ուժային գործադրման և հարկադրանքի արդյունքում, չնայած ակնհայտ է, որ որոշ դեպքերում և որոշ հատվածով այս հարկադրման գործիքն անխուսափելի է, բայց հոգեբանական և փիլիսոփայական առումով՝ պետական ժողովրդի համար կարգապահությունը, այդ թվում՝ բյուջետային կարգապահությունը պետք է լինի քաղաքացու՝ պետություն ունենալու կամքի արտահայտություն>,- ասել է Փաշինյանը։