
Արմինֆո. Ըստ նախնական հաշվարկների, Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքների արդիականացման համար կպահանջվի շուրջ 3 մլրդ դրամ, որը կտրամադրվի ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը լինելով հանդերձ՝ Ջերմուկում նույնպես ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտություն կար։ Ներկայումս քաղաքում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնցից այս պահին իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: Կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է: Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամ, որը ներդրվելու է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը», - գրել է փոխվարչապետը:
Նշենք, որ այս նախաձեռնությունն իրականացվում է Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ "Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման " ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 68.7 մլն դոլար, նախատեսում է քաղաքային եւ գյուղական համայնքների, պատմամշակութային վայրերի բարեկարգում, զբոսաշրջային սպասարկման կենտրոնների, զբոսաշրջային երթուղիների ճանապարհների ստեղծում, հասանելիության ապահովում, տեխնիկական աջակցություն: Ծրագիրը կոչված է հատուկ նշանակություն ունենալու տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի զարգացման հարցում։