Չորեքշաբթի, 10 Նոյեմբերի 2021 16:44
Ալինա Հովհաննիսյան

Սանոսյան. Հաջորդ տարվա սկզբից Հայաստանն անցնում է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման

Սանոսյան. Հաջորդ տարվա սկզբից Հայաստանն անցնում է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման

Արմինֆո. Փետրվարից Հայաստանը պետք է անցնի էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ամփոփելով գերատեսչության ղեկավարի պաշտոնում իր 100-օրյա գործունեության արդյունքները։

"Սա նորություն է մեր երկրի համար, և մենք հիմա պատրաստվում ենք։ Արդեն մի շարք քննարկումներ ենք ունեցել պետական և մասնավոր հատվածների գործընկերների հետ, ամեն շաբաթ հանդիպումներ են տեղի ունենում, որպեսզի նորմալ նախապատրաստվենք գործընթացին", - ասել է նա։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հաղորդել էր, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ծրագրի իրականացման համար տրամադրվել է 8.5 մլն դոլարի դրամաշնորհ:

Նա բացատրել էր, որ շուկայի ազատականացմամբ մի շարք արտադրող կայաններ կսկսեն իրենց էլեկտրաէներգիան վաճառել շուկայում առաջարկի և պահանջարկի արդյունքում ձևավորված սակագնով, այլ ոչ թե ՀԾԿՀ սահմանած սակագնով։ "Ծրագրի կիրառման արդյունքում գեներացիայի օբյեկտները էլեկտրաէներգիայի 10% ազատ վաճառելու հնարավորություն կունենան", - ասել էր փոխնախարարը: Վարդանյանն ընդգծել էր, որ էլեկտրաէներգիայի շուկայի փուլային ազատականացումը կապահովի հավասար մրցակցային պայմաններ, կնպաստի սակագների կայունացմանը եւ կբարձրացնի տարածաշրջանային համագործակցության մակարդակը: