Չորեքշաբթի, 9 Փետրվարի 2022 19:50

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանն այցելել է ՀԱԷԿ

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանն այցելել է ՀԱԷԿ

Արմինֆո. Այս շաբաթ փոխդեսպան Լեյթինենը այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ)՝ ծանոթանալու երկիրը էլեկտրականությամբ մատակարարելու գործում կայանի կարևոր դերակատարմանը։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:

 

«Մենք գնահատում ենք կառավարության հետևողական ջանքերն այն անվտանգ շահագործելու հարցում։

Գրեթե երեք տասնամյակ է, ինչ Միացյալ Նահանգներն անվտանգության ապահովմանն ուղղված տարբեր ծրագրերի միջոցով աջակցում է Հայաստանին ՀԱԷԿ-ի անվտանգ, կայուն և հուսալի շահագործումն ապահովելու հարցում», - նշվում է հաղորդագրությունում

 

Նշենք, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի հետ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման հարցում: Այսպես, DSRS-ի (ԱՄՆ) հետ համատեղ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ֆինանսավորմամբ "Հայատոմ" ինստիտուտը ՀԱԷԿ-ի թիվ 2 բլոկում ներդրել է անվտանգության բազմաչափ տվյալների ներկայացման համակարգ ։ "Հայատոմը "PNLL Battele ընկերության եւ Արգոն ազգային լաբորատորիայի (ԱՄՆ) հետ համատեղ աշխատում է ՀԱԷԿ-ի թիվ 2 բլոկի հետազոտության ուղղությամբ, իսկ իտալական SOGIN ընկերության հետ համատեղ իրականացնում է № 2 բլոկի անվտանգության հնարավոր հետազոտությունը: 1995թ. երկրորդ էներգաբլոկի վերագործարկման պահից ի վեր Եվրոպական միությունը եւ ԱՄՆ-ը Հայկական ԱԷԿ-ին տրամադրել են ավելի քան 200 մլն դոլարի տեխնիկական աջակցություն:

 

Այսօր Մեծամորի (Հայկական) ԱԷԿ-ի 2-րդ բլոկն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը:

 

Հիշեցնենք, որ 2016 թվին Հայաստանը Ռուսաստանի հետ (Ռոսատոմ) միջկառավարական համաձայնագիր է ստորագրել (300 մլն դոլար)՝ կայանի երկրորդ բլոկի արդիականացման եւ աշխատանքը մինչեւ 2027 թվականը եւ, չի բացառվում՝ եւս 10 տարով երկարաձգելու համար: Նախորդ տարվա վերջին աշխատանքներն ավարտվել են, և կայանը կրկին միացվել է երկրի էներգահամակարգին։