Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023 16:38
Ալինա Հովհաննիսյան

Բաղդադում ավարտվել է հայ-իրաքյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը

Բաղդադում ավարտվել է հայ-իրաքյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը

Արմինֆո.Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սեպտեմբերի 12-13-ին կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իրաքյան կողմինը՝ ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալքին:

 

«Մեր նպատակն է նիստի ընթացքում Իրաքի գործընկերների հետ մտքեր փոխանակել առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, թվայնացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար», - նշել է Վահան Քերոբյանը։

 

Հայ-իրաքյան միջկառավարական նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, գյուղատնտեսության, ֆինանսների, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում։

 

Նիստի արդյունքում՝ իրաքյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի արձանագրությունը։

 

Նշենք, որ Իրաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահի, գյուղատնտեսության, քաղաքաշինության-բնակարանային շինարարության եւ տարածքային կառավարման ու առեւտրի նախարարների հետ:

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով  2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է 15,9% - ով՝ կազմելով 108,7 մլն դոլար։ Ընդ որում, անկում է գրանցվել արտահանման մասով՝ 16,2% - ով, մինչև 108 մլն դոլար՝ ներմուծման 2,2 անգամ աճի դեպքում, որը կազմել է 737,6 հազար դոլար։