
Արմինֆո. FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել Իսպանիայի Թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Նորին մեծության հետ։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Իսպանիա զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորությունները։ Ընդունելության ավարտին Իսպանիայի Թագավորը լուսանկարվել է ցուցահանդեսին մասնակցող երկրների ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ FITUR-2026 - ը խոշոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդես է, որն անցկացվում է հունվարի 21-26-ը Մադրիդում: Ցուցահանդեսը մեկտեղել է փորձագետների, ոլորտի ղեկավարների և, նույնիսկ, պետական գործիչների, ովքեր քննարկում են շուկայի նոր միտումներն ու հնարավորությունները, ինչպես նաև ճանապարհորդությունների համար նորարարական լուծումներ: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է ավելի քան 150 հազար այցելուների, այդ թվում ՝ ոլորտի մասնագետների մասնակցություն:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2025թ. հունվար - սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 7 970 զբոսաշրջիկ Իսպանիայից, ինչը 21,6% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Իսպանացի զբոսաշրջիկներին բաժին է ընկնում ընդամենը 0,5% - ը:
Հիշեցնենք, որ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով, 2025 թվականին Հայաստան է այցելել, ընդհանուր առմամբ, 2,26 միլիոն զբոսաշրջիկ՝ 2,7% տարեկան աճով: