
Արմինֆո.Առանց ոսկու, պլատինի և այլ արտադրանքի վերաարտահանման՝ մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիս։ Այդ մասին փետրվարի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա, նախ, համեմատել է 2021թ. գրանցված արտահանման ցուցանիշները, երբ մատակարարումների ծավալները կազմել են 2.6 մլրդ դոլար, իսկ 2025թ. արդեն գերազանցել են 4.4 մլրդ դոլարը: Համադրելով արտահանումը նախորդ տարվա ծավալների հետ՝ Պապոյանը նշել է, որ աճն արձանագրվել է շուրջ 10%-ի կամ մոտ 400 մլն դոլարի մակարդակում: "Այստեղ խոսքը ոչ թե հեռուստացույցի, սմարթ - ժամացույցների, մեքենաների, ոսկու մասին է, որոնք չեն արտադրվում Հայաստանում, այլ՝ բացառապես Հայաստանի գործարաններում թողարկվող հայկական ծագման ապրանքների մասին", - ընդգծել է նախարարը:
Միաժամանակ, նա ոգևորությամբ նշել է դեպի Եվրոպական միության երկրներ հայկական արտահանման մասնաբաժնի աճը։ Եթե 2024թ. տոկոսը կազմել է 4,7 տոկոս, ապա 2025թ. արդյունքներով ունենք 7,9 տոկոս ցուցանիշ ։ "Այսինքն, մի կողմից՝ մենք ավելացրել ենք մատակարարումները ԵՄ, իսկ մյուս կողմից՝ բացառվում է վերաարտահանումը", - ասել է նախարարը: Որպես օրինակ Պապոյանը նշել է, որ Երեւանի փայլաթիթեղագլանման "Արմենալ" գործարանը (ռուսական "Ռուսալի" դուստր) 31 տոկոսով ավելացրել է իր մատակարարումները ԵՄ երկրներ:
Մինչդեռ, նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2025 թվականին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 8.4 մլրդ դոլար , ինչը 2024 թվականի ցուցանիշին զիջում է 36.1% - ով։ Իսկ դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 9%-ով ՝ մինչեւ 666.8 մլն դոլար։