Ուրբաթ, 13 Փետրվարի 2026 16:30
Ալեքսանդր Ավանեսով

Խուդաթյան․ ռուսական կողմի հետ կա փոխըմբռնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում

Խուդաթյան․ ռուսական կողմի հետ կա փոխըմբռնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ, առաջին հերթին, Ադրբեջանի հետ սահմանին Երասխի և Թուրքիայի հետ սահմանին Ախուրիկի հատվածում իրենց ներգրավվածությամբ աշխատանքներ իրականացնելու համար։ Այդ մասին այսօր հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ «Ազատության» հարցին ի պատասխան:

 

«Իմ տպավորությունն այնպիսինն է, որ առնվազն այդ երկու հատվածների մասով մենք որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ՝ առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք: Եթե ստացվի այնպես, որ իրենք դա անեն, շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, իսկ եթե ինչ-որ հարցեր խանգարեն, թեև իմ ըմբռնումն այնպիսինն է, որ հարցեր չպետք է լինեն, որոնք առնվազն Երասխի և Ախուրիկի մասով կխանգարեն, եթե այդպիսի հանգամանքներ լինեն ՀՀ կառավարությունն ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որովհետև դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է»,- ասել է նախարարը:

 

Հարցին, թե արյդոք ռուսական կողմն է ներդրում անելու, նախարար Խուդաթյանը պատասխանել է. «Եթե իմ ասած առաջին տարբերակով լինի, այո: Իմ ունեցած տպավորությունը, որ ես ստացել եմ, մենք մոտ ենք այս հարցով պայմանավորվածություն ձեռք բերելուն: Բայց, քանի որ, խոսքը երկու կողմերի մասին է, թույլ տվեք ժամանակից առաջ չընկնեմ»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ: "Հայկական կողմի դիմումին համապատասխան եւ ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական, եղբայրական զգացմունքներից, Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիներին Երասխի շրջանում, ինչպես նաեւ Ախուրյան բնակավայրի շրջանում՝ Թուրքիայի Հանրապետության երկաթուղիներին", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Օվերչուկը: