
Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) տեսական փոխարինումը ԱՄՆ-ի շարժական միջուկային բազմաբլոկներով նույնն է, ինչ ավիակիրը փոխարինել միջնադարյան առագաստանավերով:
Այդ մասին "ԱՄՆ ռազմավարությունը Հարավային Կովկասում և նրա շուրջ" թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է "Տնտեսագիտության բարձրագույն դպրոց" ԳՀՀ-ի Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն, Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի դոցենտ Գեորգի Ասատրյանը։
Մասնավորապես, մեկնաբանելով Հայաստանի եւ ԱՄՆ - ի միջեւ քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունը, Ասատրյանը համոզմունք է հայտնել, որ նման իրավիճակը վկայում է Հայաստանում լուրջ սոցիալական ճգնաժամի մասին, ուշադրություն դարձնելով այն հանգամաքին, որ, նույնիսկ, ամերիկյան մամուլը չի հիշատակում նման գործարքների մասին: "Տարածաշրջանում խոշորագույն ատոմակայանը, որը խորհրդային գիտական մտքի նվաճումներից մեկն է, շարժական միջուկային բլոկների փորձարարական տեխնոլոգիայով փոխարինելը, հավանաբար, հետաքրքրություն կառաջացնի հասարակության միայն որոշակի հատվածի մոտ, որը պատրաստ կլինի "կուլ տալ" դա և, նույնիսկ, վճարել երկրի մրցակցային առավելությունը փակելու դիմաց։ Անհասկանալի է, թե ինչպես կզարգանա իրավիճակը, բայց, իմ կարծիքով, դա խոսում է նման քայլերի գնացող քաղաքական էլիտայի իռացիոնալության և ցածր մակարդակի, ինչպես նաև բնակչության լայն շերտերի շրջանում առկա բարդ իրավիճակի մասին։ Բացի այդ, դա ցույց է տալիս Թրամփի վարչակազմի գործարար դիվանագիտության փայլուն մակարդակը", - նշել է փորձագետը։
Նա պարզաբանել է, որ իրականում դրա հետեւում կանգնած են ամերիկյան որոշ խոշոր ընկերությունների կապիտալի շահերը, որոնց աջակցում է ԱՄՆ վարչակազմը ։ "5-6 տարի հետո, կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո, փաստ չէ, որ այդ նախագծերի մասին, ընդհանրապես, կհիշեն։ Այսինքն՝ դրանք նույնիսկ Թրամփի վարչակազմի շահերը չեն, այլ կապիտալների շահերը, որոնք ազդեցություն ունեն նրա վրա և իրենց արտադրանքն առաջ են մղում ոչ ամենահաջողակ քաղաքական համակարգ ունեցող երկրներին", - եզրափակել է Ասատրյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մամուլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում "123" համաձայնագրի շուրջ բանակցությունները, և սպասվում են շուրջ 9 մլրդ դոլարի ներդրումներ: Նա պարզաբանել էր, որ սկզբնական փուլում խոսքը 5 մլրդ դոլար գումարի մասին է, իսկ արդեն երկրորդ փուլում՝ եւս 4 մլրդ դոլարի ներդրումներ։
Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանում քննարկվում էր 50-60 ՄՎտ հզորությամբ մի քանի փոքր մոդուլային ատոմային ռեակտորների կառուցման հնարավորությունը: Ընդ որում, դիտարկվում էր, նույնիսկ, երկրի մի քանի մարզերում դրանց կառուցման հնարավորությունը։ Սակայն այս ուղղությամբ ամենագլխավոր խնդիրներից մեկը հայ ատոմագործների շրջանում այդ ռեակտորների կառավարման հմտությունների բացակայությունն է։ Ավելի վաղ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը ԱրմԻնֆո-ին հաղորդնել էր, որ սկզբունքային որոշում է կայացվել երկրում նոր բլոկ կառուցելու մասին ՝ օգտագործելով ռուսական ՏՕԻ ռեակտորը՝ 1200 Մվտ հզորությամբ: Սակայն, ինչպես հետագայում նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության բլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 Մվտ: Իսկ արդեն ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրապետությունը սկզբունքային որոշում է կայացրել կառուցել մոդուլային տիպի ատոմային ռեակտոր։ Ընդ որում, մոդուլային ատոմակայանի արտադրության երկիրը, Հայաստանի իշխանությունների հավաստմամբ, կորոշվի 2026-2027 թվականներին։