Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026
Նաիրա Բադալյան

ՎԶԵԲ-ը Հայաստանին 6 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Երևանի մաքսային լոգիստիկ կենտրոնի կառուցման համար

ՎԶԵԲ-ը Հայաստանին 6 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Երևանի մաքսային լոգիստիկ կենտրոնի կառուցման համար

Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօվա նիստում հավանություն է տվել «ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են Երևանի ԱՏԳ կենտրոնի շինարարությանը և սարքավորումների ձեռքբերմանը, իսկ վարկային միջոցները՝ Երևանի ԱՏԳ կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմանը: Ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն (այսուհետ` ԱՏԳ) և ՀՀ ՊԵԿ վարչական շենք (վարչական շենքի կառուցման ծախսերն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին): Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնը տեղակայվելու է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում։ Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կընձեռի ապահովել բավարար մաքսային ենթակառուցվածք՝ շենքային պայմանների, տեխնիկական հագեցվածության և տեղեկատվական համակարգերի հասանելիության տեսանկյունից։ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ԱՏԳ մասնակիցներին մատուցել բարձրակարգ ծառայություններ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով, ինչպես նաև ապահովել մաքսային հսկողության արդյունավետ իրականացումը։

 

Ինչպես նշվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  կարիքների համար Երևան քաղաքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով 2025 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրա­պետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 6.0 մլն եվրո: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է նաև վարկային միջոցների՝ 39.0 մլն եվրո հատկացում (վարկային միջոցները նախատեսվում է հատկացնել 2 տրանշով` Տրանշ 1 - 30.0 մլն և Տրանշ 2 – 9.0 մլն): Վարկային համաձայնագիրը կնքվել է նույն օրը:

 

Միաժամանակ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել որոշակի գումար, որն ուղղվելու է ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությանը (մոբիլիզացմանը)՝ որպես դրամաշնորհ:

 

Վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի ֆինանսական միջոցներում ներառ­ված չէ ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը, որն ուղղվելու է ՀՀ-ում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների վճարմանը: ՀՀ կառավարության կողմից վարկային ու դրամաշնորհային միջոցների համաֆինանսավորման չափը կկազմի 9.0 մլն եվրո, որից՝ 7.8 մլն եվրոն վարկային միջոցների գծով (Տրանշ 1 – 6.0 մլն և Տրանշ 2 – 1.8 մլն), իսկ 1.2 մլն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների գծով: