Արմինֆո. AirBaltic ավիաընկերությունը մայիսի 2-ից սկսում է չվերթները Երևան-Ռիգա-Երևան ուղղությամբ: Այդ մասին հայտնի է դարձել ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանում Լատվիայի դեսպան Էդիտե Մեդնեի, Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հանդիպման արդյունքում:
Այդ առնչությամբ կողմերը նշել են, որ ուղիղ ավիահաղորդակցության գործարկումը կարևոր է երկկողմ զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, հարաբերությունների զարգացման և միջմշակութային փոխգործակցության ամրապնդման տեսանկյունից:
Նրանք քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում ՝ ուղիղ ավիահաղորդակցության բացմանն ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպումը:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականին Լատվիայից Հայաստան է այցելել 2 194 զբոսաշրջիկ, ինչը 22 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին ։