
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։
Այցի շրջանակում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է երկու երկրների նախարարների պաշտոնական հանդիպումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Հայաստան–Վրաստան երկկողմ օրակարգի շրջանակում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ՝ ընդգծելով տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը և փոխշահավետ զարգացման հանձնառությունը։
«Համոզված եմ, որ մեր տնտեսական համագործակցության առկա ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ, և այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն է համադրելու մեր ջանքերը՝ ի շահ մեր ժողովուրդների», - նշել է Գևորգ Պապոյանը։
Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր։
Երկուստեք կարևորվել է գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը, մասնավորապես՝ B2B ձևաչափով հանդիպումների խթանումը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը՝ ընդգծելով շարունակական երկխոսության կարևորությունը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին կրճատվել Է 16,2% - ով՝ կազմելով 279.4 մլն դոլար։
Մասնավորապես, արտահանումը նվազել է 22,2%-ով՝ մինչև 133.2 մլն դոլար՝ ներմուծման 9,9%, մինչև 146.2 մլն դոլար անկման ֆոնին։ Ա
Անցած տարվա ընթացքում Վրաստանից Հայաստան է այցելել 288 578 զբոսաշրջիկ, ինչը 8.5% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:
Հիշեցնենք, որ հայ բեռնափոխադրողները 2025 թվականի գարնան վերջից մինչև ամռան սկիզբը լուրջ խոչընդոտների են բախվել Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհին, երբ վրացական մաքսային մարմինները խստացրել են հսկողությունը և փաստացի սահմանափակումներ են մտցրել առանձին խմբերի ապրանքների բացթողման համար ։ Մասնավորապես, 2025 թվականի հունիսից արձանագրվել են դեպքեր, երբ հայկական կոնյակ փոխխադրող բեռնատարները չեն կարողացել անցել վրացական անցակետերով և ենթարկվել են լրացուցիչ ստուգումների, ինչը հանգեցրել է բազմօրյա պարապուրդի։
Դրան զուգընթաց իրավիճակը բարդանում էր Վերին Լարսի ուղղությամբ հսկիչ անցակետերի գերծանրաբեռնվածության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Ստեղծված իրավիճակն առաջացրել է փոխադրողների և արտահանողների դժգոհությունը. 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին տեղի են ունեցել բողոքի ակցիաներ և հրապարակային դիմումներ իշխանություններին՝ տարանցիկ սահմանափակումների օպերատիվ կարգավորման պահանջով։ Այդ ամենը միասին լուրջ դժվարություններ էր ստեղծում հայկական արտադրանքը ժամանակին երկրից դուրս հասցնելու համար և հանգեցնում բիզնեսի ֆինանսական կորուստների։