Շաբաթ, 21 Փետրվարի 2026
Ալեքսանդր Ավանեսով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենը հորդորել է ֆերմերներին զերծ մնալ գյուղատնտեսական ակտիվ աշխատանքներից

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենը հորդորել է ֆերմերներին զերծ մնալ գյուղատնտեսական ակտիվ աշխատանքներից

Արմինֆո. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը կոչ է արել Հայաստանի ֆերմերներին զերծ մնալ գյուղատնտեսական ակտիվ աշխատանքներից։

 

"Վերջին օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շատերին գարնան զգացողություն է պարգևել։ Որոշ բնակավայրերում արդեն նկատվում է գյուղատնտեսական աշխատանքների ինտենսիվացում։ Սակայն օդերևութաբանական դիտարկումները և երկարաժամկետ կլիմայական տվյալները ցույց են տալիս, որ փետրվարի վերջին տաքացումը չի նշանակում կայուն գարնան սկիզբ", - նշել է Լևոն Ազիզյանը։

 

Նա ընդգծել է, որ բազմամյա դիտարկումների համաձայն,  փետրվարի վերջին և, նույնիսկ, մարտի առաջին տասնօրյակում հաճախ արձանագրվում են հետևյալ երևույթները․ կարճատև, բայց սաստիկ սառնամանիքներ, սառը հոսանքների ներխուժումներ, նվազագույն ջերմաստիճանը -3, -8±C հովտային և նախալեռնային գոտիներում:

 

"Այս փուլում մթնոլորտային շրջանառությունը դեռ անկայուն է, և տաք արևադարձային օդային զանգվածները կարող են արագ փոխարինվել արկտիկական ցուրտ ներխուժումներով: Խորհուրդ ենք տալիս առայժմ ձեռնպահ մնալ գյուղատնտեսական ակտիվ աշխատանքներից, այդ թվում ՝ ծառերի վաղ էտումից։ Մեր տարածաշրջանի զգալի մասում ջերմաստիճանը մարտի 1-6-ը նորմայից ցածր կլինի 1-3 աստիճանով: Հանրապետության լեռնային շրջաններում կուտակված ձյան ծածկույթը նույնպես կարող է նպաստել համեմատաբար ցածր ջերմաստիճանային ֆոնին", - նշել է Լեւոն Ազիզյանը։