Հինգշաբթի, 26 Փետրվարի 2026 15:32
Նաիրա Բադալյան

Հայաստանը կողմնորոշվել է նոր ԱԷԿ-ի տեսակի հարցում, բայց գտնվում է լավագույն «շինարարի» որոնումներում

Հայաստանը կողմնորոշվել է նոր ԱԷԿ-ի տեսակի հարցում, բայց գտնվում է լավագույն «շինարարի» որոնումներում

Արմինֆո. Հայաստանը կողմնորոշվել է, որ իրեն հարկավոր է փոքր ատոմային էլեկտրակայան, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե ով է այն կառուցելու։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե երբ է որոշվելու, թե որ երկիրն է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու, հաշվի առնելով, որ գործող Մեծամորի ատոմակայանը նախատեսվում է փակել 10 տարի անց:

 

Փաշինյանը նշել է, որ վերականգնվող էներգիան նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար, հատկապես, հաշվի առնելով, որ այն երկրի համար առաջին հնարավորությունն է "լինել անկախ՝ էներգետիկայի առումով":

 

«Արևային էներգետիկան մեր երկրում զարգանում է արագ տեմպերով։ Դուք գիտեք, որ մենք ունենք ատոմային էլեկտրակայան, որը կառուցվել է դեռ խորհրդային տարիներին։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ հաջողվել է արևային էներգետիկայի ոլորտում ստեղծել ատոմակայանի հզորությունը կրկնակի գերազանցող հզորություններ։

 

Եվ, հաշվի առնելով վերը նշված գործընթացները, մեզ հիմա պետք չէ խոշոր ատոմակայան։ Ուստի, մեր փորձագետների գնահատմամբ, մեզ անհրաժեշտ է փոքր ատոմային էլեկտրակայան, և հենց այդ պատճառով էլ մենք նախնական որոշում ենք կայացրել փոքր մոդուլային ատոմակայան ստեղծելու մասին։ Այժմ մենք այդ հնարավորությունը քննարկում ենք մեր գործընկերների հետ։

 

Մենք այդ հնարավորությունը քննարկում ենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի հետ։ Մենք փնտրում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար, և այդ գործընթացը շարունակվում է, մենք դեռևս վերջնական որոշում չունենք, քանի որ ուսումնասիրում ենք տարբեր առաջարկներ", - ասել է Հայաստանի վարչապետը:

 

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Եվրոպային եւ Եվրասիային ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հաղորդել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում եւ Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը՝ "ձգտելով ամրապնդել դրանց էներգետիկ անկախությունը": Նա հավելել էր, որ մի շարք երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում, ԱՄՆ-ը գնահատում է փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ստեղծման հնարավորությունը, որոնք կառուցվում են ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ եւ կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության եւ Ռուսաստանից, եւ ՉԺՀ-ից:

 

Միաժամանակ, ներկայումս գործող Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում իրականացվում է դրա շահագործման ժամկետը 10 տարով՝ մինչև 2036 թվականը երկարաձգելու երկրորդ ծրագիրը: Այդ ժամանակահատվածում հանրապետությունում պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ։

 

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը: Դեռևս 2023 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը աշխատանքային խումբ էր ուղարկել ԱՄՆ, որը ծանոթացել էր ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, փոքր մոդուլային ռեակտորներին և դրանց մշակումներին։ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացվել փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ «Ինչու՞։ Կարևոր պատճառներից մեկն այն է, որ, ինչպես մեզ բացատրեցին մասնագետները, մոդուլային ԱԷԿ-երի վթարները համարվում են լոկալ նշանակության արտակարգ իրավիճակ, այսինքն, ԱԷԿ-ի վթարի դեպքում 500 մետրից դուրս սպառնալիք չի լինի", - հայտարարել է նա։

 

Հատկանշական է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցի ընթացքում փետրվարի 9-ին ստորագրվել է քաղաքացիական միջուկային էներգետիկայի զարգացման ոլորտում համագործակցությունը շարունակելու մասին 9 մլրդ դոլարի համաձայնագիր, որի շրջանակում Երեւանը կստանա փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներ: Սակայն փետրվարի 11-ին խորհրդարանում պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե՝ ի վերջո երբ կփակվի Մեծամորի ատոմակայանը, և ում հետ է Հայաստանը համագործակցելու նոր ատոմակայանի կառուցման հարցում, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը դեռ ընտրում է, թե որ ատոմակայանը կառուցի: Նրա խոսքով ՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը կարելի է երկարաձգել մինչև 2046 թվականը: Նախկինում ենթադրվում էր, որ այդ ժամկետը կտևի մինչև 2036 թվականը։ Նրա խոսքով ՝ այդ ընթացքում կարող է որոշում կայացվել նոր կայանի կառուցման մասին։

 

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) և դրա իրականացումն ապահովող պլան-ժամանակացույցի համաձայն, Հայաստանը նախատեսում է մինչև 2040թ. ավելացնել արևային և հողմային էլեկտրակայանների հզորությունը, ընդհանուր առմամբ, առնվազն՝ մինչև 2000 ՄՎտ: Արդյունքում՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ արտադրված էլեկտրաէներգիայի բաժինը էլեկտրաէներգիայի համախառն վերջնական սպառման մեջ, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, մինչ  2030 թվականը կհասնի մոտ 50% - ի, իսկ մինչև 2040 թվականը՝ մոտ 60%-ի: