
Արմինֆո.Երեւանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի հայ-ռուսական Համատեղ համակարգող կոմիտեի չորրորդ նիստը:
Ինչպես մարտի 9-ին հաղորդել Է կայանի մամուլի ծառայությունը, հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, իսկ ռուսական կողմի պատվիրակությունը՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի տնօրեն Կիրիլ Կամարովը։
Նիստի ընթացքում կողմերը հանգամանորեն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի երկրորդ փուլի (ՇԺԵ-2) շրջանակներում արդեն իրականացված աշխատանքներին և միջոցառումներին։ Քննարկվել են նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը, տեխնիկական լուծումները և հետագա համագործակցության ուղղությունները, որոնք ուղղված են կայանի անվտանգ, հուսալի և արդյունավետ շահագործմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և կայանի ղեկավար կազմը, ինչպես նաև ոլորտային կազմակերպությունների ղեկավարներ։
Քննարկումները կարևոր հնարավորություն են հանդիսացել գնահատելու արդեն իրականացված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հստակեցնելու հետագա քայլերը՝ ուղղված ծրագրի հաջող իրականացմանը։
Համատեղ hամակարգման կոմիտեի նիստը ևս մեկ անգամ ընդգծել է հայկական և ռուսական կողմերի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և հաստատել կողմերի պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը՝ ապահովելու Հայկական ատոմային էլեկտրակայանի երկարաժամկետ և անվտանգ շահագործումը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին կայանի երկրորդ էներգաբլոկը կկանգնեցվի պլանային նախազգուշական վերանորոգման, որը կտևի հինգ ամիս: Այդ ժամանակահատվածում իրականացվելու են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը երկարաձգելու հիմնական աշխատանքները: ՀՀ կառավարությունը կրկնակի երկարաձգման ողջ ծրագրի համար հատկացրել է 165 մլն դոլար, որից 57,5 մլն դոլարը "Ռոսատոմ"-ի պատասխանատվության գոտում է, մնացած ծավալը ՀԱԷԿ-ն իրացնում է ինքնուրույն: Կողմերը մտադիր են շարունակել կայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Մասնավորապես, նախատեսվում է անցում կատարել նախագծային վթարների նոր սպեկտրի իրականացմանը, որոնք պետք է նախատեսվաշ լինեն անվտանգության համակարգերում։ Աշխատանքներ կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի հրդեհային անվտանգության բարձրացման, օժանդակ շրջապտույտային պոմպերի համակարգերի արդիականացման ուղղությամբ: Մեծ ուշադրություն է դարձվելու նյութագիտական հետազոտությունների անցկացմանը, քանի որ կայանը շահագործվելու է իր ժամկետից դուրս բավականին երկար ժամանակ, և այդ պատճառով աշխատանքներ են տարվելու ռեակտորի կորպուսի մետաղի վերահսկման ուղղությամբ: