Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026 10:27
Մարիաննա Մկրտչյան

Օվերչուկ. Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել նրա հետ տնտեսական հարաբերությունները

Օվերչուկ. Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել նրա հետ տնտեսական հարաբերությունները

Արմինֆո. Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել նրա հետ տնտեսական հարաբերությունները։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 

Ռուսաստանի կառավարության փոխնախագահը խոստովանել է, որ երկկողմ հանդիպումներում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ձևաչափով "Հայաստանի ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին և հավաստիացնում, որ հավատարիմ են ԵԱՏՄ-ին":

 

"Մեր կողմից քննարկումները կրում են անկեղծ բնույթ և միշտ հարգալից են։ Դրա հետ մեկտեղ, խոսքերը համեմատելով գործերի հետ, գալիս ես այն եզրակացության, որ մեր գործընկերները շատ են մոտեցել այն կետին, որից հետո մենք ստիպված կլինենք այլ կերպ կառուցել մեր տնտեսական հարաբերություններն այդ երկրի հետ",-հավելել է նա։

 

Ինչպես նշել է Օվերչուկը, ՌԴ կառավարությանն իր լիազորությունների բերումով "հուզում են Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի ապագա վիճակի հեռանկարները": "Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը եւ ԵՄ հետ մերձենալու Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը, լուրջ հարցեր են առաջանում դրանց ապագայի վերաբերյալ", - փաստել է նա:

 

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2015 թվականից ի վեր աճել է 12,5 անգամ, մինչդեռ, նույն ժամանակահատվածում դեպի ԵՄ և ԱՄՆ արտահանման ցուցանիշն աճել է, համապատասխանաբար, ընդամենը 1,53 և 2,2 անգամ: Այսպես,  նրա խոսքով, արտահանման դինամիկան ակնհայտորեն ցույց է տալիս, որ"իրական աշխարհում հայ գործարարները վաստակում են ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներում"։

 

Այդ առնչությամբ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ներկայացված թվերը "ցույց են տալիս Հայաստանի առեւտրային գործընկերների՝ նրա արտադրողների արտադրանքը գնելու շահագրգռվածության իրական մակարդակը":