
Արմինֆո.Կատարը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ) և ներդրումների ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Կատարի դեսպան Մանսուր Աբդուլլահ Սալեմ Սաադ Ալ – Սուլայթինը՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպման ժամանակ։
Բարձր գնահատելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը ՝ դիվանագետը վերահաստատել է համատեղ նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Կատարի միջև փոխգործակցության զարգացման հեռանկարները, միաժամանակ երկուստեք կարևորվել է առկա ներուժի իրացումն ու համատեղ ծրագրերի առաջմղումը: Հատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում կապերի ամրապնդմանը, ինչպես նաև գիտակրթական հաստատությունների դերին բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման և համատեղ հետազոտական ու ինժեներական նախագծերի իրականացման գործում:
Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունը ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և գործնական արդյունքների ապահովման նպատակով:-