
Արմինֆո.Առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակներում Հայաստանը մտադիր է դիրքավորվել որպես առանցքային գիտահետազոտական (R&D) և տեխնոլոգիական հանգույց: Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը՝ մասնակցելով Doing Digital 2026 համաժողովի շրջանակներում կայացած "Թվային ենթակառուցվածք և իրական տնտեսություն" թեմայով պանելային քննարկմանը։
Նրա խոսքով՝ առաջիկա տարիների նպատակն է ձևավորել փոխկապակցված թվային միջավայր, որտեղ նորարարությունները կծառայեն քաղաքացիների բարեկեցությանը:
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին և թվային օրակարգի իրականացման ճանապարհին առկա հիմնական մարտահրավերներին: Մասնավորապես, նա նշել է, որ թվային փոխակերպման գործընթացը չի սահմանափակվում միայն պետական ծառայություններով, այլ ներառում է նաև տվյալների համակարգեր, տեխնոլոգիական ենթակառուցվածք և տարբեր հարթակների փոխկապակցվածություն:
Որպես ոլորտի առանցքային մարտահրավերներ և ռիսկեր Սիմոնյանն առանձնացրել է կիբեռանվտանգությունը, որն արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում նորագույն տեխնոլոգիաների և լուծումների ինտեգրման ֆոնին դառնում է կենսական կարևորության հարց: Բացի այդ, նա ընդգծել է մտավոր սեփականության պաշտպանության կարևորությունը ՝ որպես տեխնոլոգիական առաջընթացի հիմք, ինչպես նաև քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, քանի որ ցանկացած թվային լուծումների հաջողությունը կախված է տեխնոլոգիական գործիքներ օգտագործելու հասարակության պատրաստակամությունից