Երկուշաբթի, 13 Ապրիլի 2026 17:03
Ալեքսանդր Ավանեսով

"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն արտադրողականության աճի նոր փուլ է թևակոխում

"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն արտադրողականության աճի նոր փուլ է թևակոխում

Արմինֆո. "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն թևակոխում է արտադրողականության աճի նոր փուլ: Մոտ ապագայում նախատեսվում է հանքաքարի վերամշակման տարեկան ծավալը 22 միլիոն տոննայից հասցնել մինչեւ 30 միլիոնի:

 

"Արտադրության ներկա իրավիճակը և ցուցանիշները վկայում են գործընթացի վերանայման անհրաժեշտության մասին. հանքաքարում մետաղների պարունակությունն աստիճանաբար նվազում է, ինչը ենթադրում է նոր մոտեցումներ։ Այս գործընթացի կարևորագույն կետն այն է, որ արտադրությունը մեծացնելու համար չի նախատեսվում հանքի կամ պոչամբարի չափերի ավելացում, ծավալները կընդլայնվեն նույն սահմաններում, իսկ քարհանքի ուրվագծերը կմնան նույնը", - ասում է ձեռնարկության տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը: Նա հավելել է, որ եթե կոմբինատի արտադրողականությունը չբարձրանա, նրա արտադրական ցուցանիշները կնվազեն։

 

Առաջադրված խնդրի լուծման համար ԶՊՄԿ-ն առաջիկայում 2 հասարակական լսումներ կանցկացնի Կապանում և Քաջարանում, որտեղ կներկայացվեն կոմբինատի բոլոր ծրագրերը, որոնք ուղղված կլինեն ակնկալվող բարձր ցուցանիշներին: Ձեռնարկության ղեկավարությունը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ քննարկել նախագծերը, լսել դիտողություններն ու առաջարկությունները:

 

Նշենք, որ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ - ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի հանքավայրը: Հանքաքարով կոմբինատի ապահովվածությունը կազմում է շուրջ 150 տարի: