Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026 14:45
Ալինա Հովհաննիսյան

Ֆինանսների նախարարությունում քննարկել են ՎԶԵԲ-ի հետ նոր նախագծերի իրագործման հնարավորությունները

Ֆինանսների նախարարությունում քննարկել են ՎԶԵԲ-ի հետ նոր նախագծերի իրագործման հնարավորությունները

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես Հայաստանում ՎԶԵԲ գործող ծրագրերի առաջընթացը, այնպես էլ նոր նախաձեռնությունների շուրջ համագործակցության հնարավորությունները, ներառյալ՝ ջրամբարաշինության և երկրորդային քաղաքների զարգացման ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ս.թ. հունիսի 5-7-ը Ռիգայում (Լատվիա) կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը և դրա շրջանակներում նախատեսվող նիստին, որը նվիրված է Հայաստանի ներդրումային հեռանկարներին։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու արդյունավետ և սերտ համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդմանը և զարգացման ռազմավարական օրակարգի հետևողական առաջմղմանը:

 

Նշենք, որ սեպտեմբերյան կանխատեսման համաձայն, ՎԶԵԲ-ը 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճ է ակնկալում 4,5% մակարդակում։

 

Հայաստանում գործունեության պահից (1992թ.) ի վեր բանկն ավելի 2.5 մլրդ եվրո է ներդրել մեր երկրում 231 նախագծերի իրականացման համար։