Երեքշաբթի, 12 Մայիսի 2026 16:33
Մարիաննա Մկրտչյան

ԱԷԿ-ի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը կարող է բավարարել Հայաստանի կարիքները «առաջիկա դարում»

ԱԷԿ-ի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը կարող է բավարարել Հայաստանի կարիքները «առաջիկա դարում»

Արմինֆո. Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորությամբ ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է բավարարել հանրապետության կարիքները "առաջիկա դարում": Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

 

"Ռոսատոմ" ՊԿ-ը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության կայանի նախագիծ, որը, եթե Հայաստանի ղեկավարությունը կամենա, կարող է բավարարել երկրի էներգետիկայի կարիքները առաջիկա տասնամյակներում, գուցե եւ՝ առաջիկա դարում: Ընդ որում, այն կապահովեր էլեկտրաէներգիայի ցածր սակագներ վերջնական սպառողների համար, ինչը, ի թիվս այլ բաների, կարող է զգալիորեն խթանել երկրի արդյունաբերության աճը", - ընդգծել Է դիվանագետը։

 

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը հանդիսանում է գլոբալ առաջատար ատոմային տեխնոլոգիաների բնագավառում եւ միշտ էլ կարող է Հայաստանին փոխանցել իր մշակումներն ու փորձը հանրապետության համար կարեւոր այնպիսի ոլորտում, ինչպես՝ էներգետիկան։ Ընդ որում, ռուսական կողմը նաեւ պատրաստ է տեխնոլոգիաներով կիսվել նաև թվայնացման ոլորտում։ "Այսօր մեր երկիրն աշխարհի երեք պետություններից մեկն է, որն ունի ամենաառաջավոր լուծումները", - նշել է Կալուգինը։ Նրա խոսքով ՝ օտարերկրացիները նշում են առաջադեմ ինտերնետ-բանկքինգը Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև «պետական ծառայությունների, առողջապահության թվայնացման նվաճումները»:

 

"Եվ սրանք ընդամենը մի քանի օրինակ են այն բանի, թե ինչ է ներառում "ռուսական առաջարկը", -։ ասել է ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրենը։ Խոսելով երկկողմ հարաբերությունների ապագայի մասին՝ նա հավելել է, որ Մոսկվան միտված է Երևանի հետ համատեղ փոխադարձ հարստացնող համագործակցության:

 

"Հենց նման մոդել է դրված մեր երկրների համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ: Միշտ փոխգործակցել ենք Հայաստանի հետ հավասար հիմունքներով, երբեք մշակութային կոդ չենք պարտադրել և չենք պահանջել հրաժարվել ինքնությունից, պատմության տեսանկյունից կարևոր խորհրդանիշներից։ Գնահատում և հարգում ենք սփյուռքահայերի կապն իրենց "փոքր Հայրենիքի" հետ», - եզրափակել է Կալուգինը:

 

Ապրիլի 2-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Երեւանը կարող է բախվել երկրում էներգետիկ դեֆիցիտի, եթե մինչեւ 2026 թվի վերջը որոշում չկայացնի նոր ԱԷԿ-ի կառուցման մասին:

 

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ ԱՄՆ կառավարության Եվրոպային և Եվրասիային օժանդակության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հաղորդել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու տարբերակը ՝ "ձգտելով ամրապնդել նրանց էներգետիկ անկախությունը": Նա հավելել էր, որ մի շարք երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում, ԱՄՆ-ը գնահատում է փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ստեղծման հնարավորությունը, որոնք կառուցվում են ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ եւ կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության թե Ռուսաստանից, թե ՉԺՀ-ից:

Միաժամանակ, ներկայումս Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում իրականացվում է դրա շահագործման ժամկետը 10 տարով՝ մինչեւ 2036 թվականը երկարաձգելու երկրորդ ծրագիրը։ Այդ ժամանակահատվածում հանրապետությունում պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ։

 

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը: Դեռևս 2023 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը ԱՄՆ էր ուղարկել աշխատանքային խումբ, որը ծանոթացել էր ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, փոքր մոդուլային ռեակտորներին և դրանց մշակումներին: Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացվել փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու վերաբերյալ։

 

Հատկանշական է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի ընթացքում փետրվարի 3-ին ստորագրվել է քաղաքացիական միջուկային էներգետիկայի զարգացման գործում համագործակցությունը շարունակելու մասին 9 միլիարդ դոլարի համաձայնագիր, որի շրջանակներում Երեւանը կստանա փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներ: Սակայն, փետրվարի 11-ին խորհրդարանում, պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե, ի վերջո, երբ կփակվի Մեծամորի ատոմակայանը, և ում հետ է Հայաստանը համագործակցելու նոր ատոմակայանի կառուցման հարցում, Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը դեռ ընտրում է, թե ինչպիսի ատոմակայան կառուցի: Նրա խոսքով ՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 2046 թվականը։ Նախկինում ենթադրվում էր, որ այդ ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2036 թվականը։ Նրա խոսքով ՝ այդ ընթացքում կարող է որոշում կայացվել նոր կայանի կառուցման մասին։

 

Նշենք նաև, որ համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ․) դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի, Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը ավելացնել արևային և հողմային էլեկտրակայանների հզորությունն, ընդհանուր առմամբ, մինչև առնվազն 2000 ՄՎտ: Արդյունքում՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների միջոցով արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը 2030 թվականին էլեկտրաէներգիայի համախառն վերջնական սպառման մեջ, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի մոտ 50% - ի, իսկ 2040 թվին՝ մոտ 60%