Ուրբաթ, 29 Մայիսի 2026 12:10
Ալինա Հովհաննիսյան

Գևորգ Մանթաշյան. ԱԻ զարգացումը պահանջում է պատասխանատու կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների ձևավորում

Գևորգ Մանթաշյան. ԱԻ զարգացումը պահանջում է պատասխանատու կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների ձևավորում

Արմինֆո.Արհեստական բանականության (ԱԻ) և թվային տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է ոչ միայն առաջադեմ լուծումների ներդրում, այլև պատասխանատու կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների ձևավորում։ Այս մասին Եվրասիական տնտեսական հինգերորդ համաժողովի շրջանակներում կազմակերպված «Արհեստական բանականության պատասխանատու կիրառման սկզբունքները եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակներում» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Փոխնախարարն ընդգծել է, որ ԱԻ զարգացումը պետք է հիմնված լինի վստահության, թափանցիկության, մասնագիտական կարողությունների զարգացման, մարդակենտրոն մոտեցման և միջազգային համագործակցության սկզբունքների վրա։

Մանթաշյանը նաև կարևորել է փորձի փոխանակումը և ԵԱՏՄ երկրների միջև մասնագիտական համագործակցության խորացումը՝ նշելով, որ ԱԻ և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները կարող են զգալի դեր խաղալ արտադրողականության մրցունակության բարձրացման, պետական ծառայությունների արդյունավետության և նորարարական էկոհամակարգերի զարգացման գործում։

Նա հավելել է, որ Հայաստանը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական և նորարարական ներուժը՝ կարևորելով կրթությունը, մասնագիտական պատրաստվածությունը և միջազգային գործընկերությունը տարածաշրջանում ԱԻ հուսալի և մրցունակ էկոհամակարգի ձևավորման համար։

Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման հարցերով նախարարի տեղակալ Դմիտրի Մունը, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կիրիլ Զալեսկին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև միջազգային կազմակերպությունների և պրոֆիլային կառույցների ներկայացուցիչներ՝ քննարկելով տարածաշրջանում թվային համագործակցության զարգացման, արհեստական բանականության կիրառման և տեխնոլոգիական առաջընթացի հեռանկարները։

Քննարկումը նվիրված էր արհեստական բանականության (ԱԻ) դերին՝ որպես թվային ինտեգրման, տնտեսության արդիականացման և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայում նորարարական աճի խթանման առանցքային գործոն։ Մասնակիցները քննարկել են ԱԻ զարգացման առաջնահերթությունները, տվյալների կառավարման արդյունավետ մեխանիզմները, ընդհանուր ստանդարտների ձևավորումը, ինչպես նաև անվտանգ ու հուսալի թվային լուծումների մշակման անհրաժեշտությունը։